Էջ:Muratsan, vol. 4.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և կամ այս ու այն իշխանի դրոշի տակ մտել, լսելով Մարզպետունու հաջողությունները և իմանալով, որ նա գործում է թագավորի հրամանով` գունդագունդ եկան և միացան նրա զորքին։ Այսպիսով Մարզպետունու բանակը ստվարանալով` զորքերի թիվը հասավ հազարների։

Եվ ահա՛ հաջողությունները նոր միտք ծնեցին իշխանի գլխում։ Նա որոշեց ձեռնարկել այնպիսի մի զորավոր միջոցի, որով կարողանար միանգամայն երկիրը հագարացիներից ազատել և գահի հաստատությունն ընդմիշտ ապահովել։ Նա կամենում էր հարձակվել Դվինի վրա, գրավել մայրաքաղաքը և հալածել այդտեղից Բեշիրին, քանի ոստիկանը չէր վերադարձել Ատրապատականից։

Բայց որովհետև յուր այդ ձեռնարկությունն ավելի դժվարին էր քան առաջինները, ուստի մտածեց ավելի հիմնավոր պատրաստություններ տեսնել դրա համար։ Նա խորհուրդ արավ յուր զինակիցների, այն է` Վահրամ սեպուհի, Մուշեղ բերդակալի և Գոռ որդու հետ և որոշեց, որ զորաբանակը մնա տակավին Գեղա լեռներում, ուր Մաղազի, Ոստանի և Ուրծաձորի ժողովուրդը առատ պաշար էր հոգում նրա համար, իսկ ինքը գնա Բագարան` խորհուրդ տալու կաթողիկոսին` վերադառնալ յուր աթոռը - Դվին. ապա անցնե Երազգավորս` հորդորելու արքաեղբայր Աբասին` հաշտվել թագավորի հետ և սիրով ընդունել նրան, եթե վերջինս վերադառնալու լիներ յուր աթոռանիստը - Երազգավորս։ Այնուհետև նա պիտի դիմեր Սևան` թագավորին ու թագուհուն հրավիրելու, որպեսզի Դվինի վրա հարձակված ժամանակ` Ոստանում գտնվեր թագավորը և օգներ իրան յուր մասնակցությամբ կամ խորհուրդներով։

Կեսօր էր: Իշխանը յուր խմբով Ախուրյանն անցնելով` սկսավ դեպի Բագարանի լանջիվերը բարձրանալ։ Այդ վերելքը, որ դյուրագնաց էր, սկսում Էր գետաձորից և աստիճանաբար բարձրանում մինչև քաղաքի հարավային սահմանը, ուր կանգնած էին պարիսպները. նրանց վրա շրջում էին պահանորդներ, որոնք ուշադրությամբ դիտում էին մոտեցողներին։

Նժույգներն ընթանում էին արշավասույր և նրանց ասպազենը