Էջ:Muratsan, vol. 4.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փայլում էր արևի առաջ։ Խմբի համարձակ ընթացքից գուշակեցին պահապանները, որ եկվորները բարեկամներ են։ Ուստի ամրոցի երկաթապատ դռներն անարգել բացվեցան նրանց առաջ։

Իշխանը դիմեց ուղղակի սպարապետի ապարանքը` յուր առաջին ողջույնը նրան մատուցանելու։ «Բռնավորը», որ տակավին թագավոր էր անվանում իրան և նույն անունով ճանաչվում թե՛ Շիրակա դաշտում և թե՛ Արշարունյաց ձորում, ընդունեց իշխանին արժանավայել մեծարանքով։

-Եթե իմանայի, որ հաղթող Մարզպետունին պիտի մեզ այցելե, շքախումբ կուղարկեի նրան դիմավորելու,-ասաց սպարապետը ժպտալով։

-Քո խոնարհ ծառան, մեծափառ տեր, գոհ է արդեն այս ընդունելությամբ, որին, գուցե և, արժանի չէ,-պատասխանեց իշխանը համեստությամբ։

-Արժանի՞...ի՞նչ ասացիր դու,-հարցրեց իսկույն սպարապետը.-քեզ դափնիներով պիտի պսակեն և հաղթական կամար կանգնեն ամեն տեղ։ Բեշիրը փախուստի վրա է մտածում, իսկ Դվինի ամիրաները դողալով են քո անունն արտասանում... Ինչու՞ այդ աստիճան սարսափեցրել ես դու նրանց։

Մարզպետունին ժպտաց և այդ ժպիտի տակ թաքցրեց յուր կասկածը, որով նա վերաբերվում էր դեպի սպարապետի անկեղծությունը։ Նա գիտեր, որ այդ գովությունները տրվում են իրան առերես և յուր զենքի հաջողությունը բնավ ցանկալի չէ «բռնավորին»։

-Կփափագեի իրավամբ արժանանալ այդ դրվատյաց... բայց որքան հեռի եմ ես նրանցից,- նկատեց իշխանը լրջությամբ։

-Օ՜, մի՛ ասիր այդ. իմ եղբորորդին բախտավոր է, որ քեզ նման զինակից ունի,- բացականչեց սպարապետը.-բոլոր Երասխաձորը կնվիրեի նրան, ով քեզ զուգատիպ մի համհարզ կգտներ ինձ համար։

Իշխանը սևեռեց յուր հայացքը սպարապետի աչքերին, կամենալով, կարծես, թափանցել նրա սրտի մեջ և դուրս կորզել այդտեղից չարակամության ու նախանձի ոգին։ Նրան