Էջ:Muratsan, vol. 4.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


-Այն օրից ի վեր, որ դու քո խմբերով սկսար անհանգիստ անել հագարացիներին, վեհափառը փախավ միջնաբերդը. նա չէ վստահում յուր պաշտպանությունը նույնիսկ իմ զորքերին։

-Ահա՛ մի մարդ, որ աստուծո տված պարգևը գնահատում է ըստ արժանվույն,-հեգնական ժպիտով նկատեց Մարզպետունին։

Ապա ուղղելով հայացքը դեպի միջնաբերդը, որ ահարկու հսկայի նման բազմած էր հանդիպակաց բարձրության վրա, հարցրեց.

-Ու՞մ կհրամայեք առաջնորդել ինձ, տեր. ես կամենում եմ այժմ ևեթ ներկայանալ վեհափառին։

-Իմ թիկնապահների պետը քեզ կընկերանա, եթե կհաճիս ընդունել,-պատասխանեց սպարապետը։

Իշխանը շնորհակալություն արավ և յուր թիկնապահների ու ցույց տված առաջնորդի հետ ուղղվեցավ դեպի միջնաբերդը։

Ճանապարհը, որ տանում էր միջնաբերդը, անցնում էր ապառաժուտ դար ու փոսերի վրայով։ Նա մերթ քերում էր խորաձորի ժայռերը և մերթ բարձրանում թմբերի վրա։ Այդպիսով ուղին դառնում էր դժվարագնաց, իսկ շատվոր մարդկանց համար անանցանելի։ Այս պատճառով իշխանն ու յուր հետևորդները գնում էին շատ տեղ միմյանց ետևից, կազմելով այդպիսով մի երկար շարք։

Վեհափառն այդ միջոցին եպիսկոպոսներից մինի հետ կանգնած էր դղյակի պատշգամբում։ Նրա առաջ բացվում էին գեղեցիկ տեսարաններ՝ մինը մյուսից գեղեցիկ, մինը մյուսից հաճելի, բայց նա չէր նայում նրանց վրա։ Ո՛չ գեղեցիկ Արագածը, որ ամբառնում էր արևելյան-հյուսիսից, յուր չորս բրգաձև գագաթներով, ո՛չ Կապույտ լեռը, որ եզերում էր հորիզոնը հարավից և ծածկում յուր ետևում Երասխի ալիքները, ո՛չ Արշարունյաց ձորահովիտը, որ բացվում էր արևմուտքից, ո՛չ գեղադիր Բագարանը, որ տարածվում էր յուր առաջ հարուստ շինություններով և գմբեթազարդ եկեղեցիներով, ո՛չ արագահոս Ախուրյանը, որ խորաձորի ժայռերը կոծելով մռնչում էր յուր ոտքերի տակ և վիշապի նման գալարվելով`