Էջ:Muratsan, vol. 4.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերդի շուրջը պատում, և ոչ, վերջապես, ահարկու քերծերն ու խարակները, որոնք կախվում էին անդունդների վրա, կամ սեպաձև ցցվում խորաձորի ափերին, չէին գրավում այդ րոպեին վեհափառ հոր ուշադրությունը։ Նա յուր հայացքը սևեռել էր ապառաժուտ կածանով հառաջացող խմբի վրա։

«Ովքե՞ր են արդյոք դրանք, ինչո՞ւ են դեպի միջնաբերդը դիմում և այն` միջօրեի ժամանակ, երբ արևը կիզում է վերևից, իսկ ջերմացած խարակները ներքևից», մտածում էր վեհափառն ինքն իրան. սակայն եկվորների ով լինելը չէր կարողանում գուշակել։

Բայց ահա՛ վերջապես նրանք մոտեցան բերդի լանջին. մի քանի քայլ ևս, և նրանց ով լինելը կիմացվեր։

-Այդ նա՛ է, այո՛, նա ինքն է. ի՞նչ ունի այստեղ...-բացականչեց հանկարծ կաթողիկոսը, ճանաչելով Մարզպետունի իշխանին, որ մեծաքայլ ու քաջալանջ դիմում էր դեպի բերդի դռները։

-Ո՞վ, վեհափառ տեր,-հարցրեց եպիսկոպոսը, որ մինչև այն խոսակցում էր նրա հետ։

-Նա՛, այն անհանգիստ մարդը... որ ստեղծվել է հավիտյան թափառելու համար...- շշնջաց կաթողիկոսը, վախենալով, կարծես, թե յուր ձայնը կհասներ մինչև բերդի ստորոտը։

-Բայց ո՞վ է նա,-հարցրեց եպիսկոպոսը երկրորդ անդամ և բարձրացավ տեղից եկողներին նայելու։

-Մարզպետունի իշխանը, անշուշտ անհաճո մի նորություն է բերում մեզ...-հարեց կաթողիկոսը, գուշակելով, որ իշխանը գալիս է յուր հանգիստը վրդովելու։

-Ինչո՞ւ անպատճառ անհաճո նորություն,-հարցրեց եպիսկոպոսը։

-Չգիտեմ, ինձ այսպես է թվում...-պատասխանեց վեհափառը և սենյակը քաշվեցավ։

Մի քանի վայրկենից ճռնչալով բացվեցան բերդի երկաթյա դռները, որոնք գտնվում էին երկու աշտարակների մեջտեղում և հանդեպն ունեին հաստատահիմն պատվար։ Բարձր պարիսպները, որոնց գրկում էին լայնադիր աշտարակներ, ներսից ավելի անմատչելի էին կացուցանում բերդը։ Իշխանը