Էջ:Muratsan, vol. 4.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ո՞վ է ամիրապետը. մենք մեր թագավորն ունինք,-բացականչեց իշխանը եռանդով։

-Բայց Դվինը նրա կալվածն է. նա տիրում է Ոստանի մեծ մասին, Ճակատքը, Կոգովիտը, մինչև անգամ Ծաղկոտը նա համարում է Տուրուբեբանի մասն, որին և տիրում է ամբողջապես։

-Եվ դրանք ուրեմն գարշելի հագարացու սեփականությու՞ն են...-բարկացած հարցրեց իշխանը։

-Առ այժմ այո՛,-պատասխանեց կաթողիկոսը հանգիստ ձայնով։

-Ո՛չ, հազար անգամ ոչ,-բացականչեց իշխանը.-հայոց երկիրը հայերին է պատկանում։ Դվինը Խոսրով թագավորի ձեռակերտն է. Ճակատքը, Կոգովիտը, Ծաղկոտը մեր արքայանիստ նահանգի գավառներն են. Տուրուբերանը Մամիկոնյան տան սեփականություն է. Հայաստանի ամեն մի գավառը մի հատոր պատմություն ունի, ո՞վ կարող է այն ուրանալ, դու որ հայ ազգի պատմություն ես գրում, ինչպե՞ս ես կարողանում այդ վկայությունը տալ գարշ արաբացու համար։ Եթե այս րոպեին երևութանար այստեղ պատմաբաններիդ նախահայր Խորենացու ոգին, կկարողանայի՞ր արդյոք կրկնել նրա առաջ այդ վկայությունը...

-Ես ասացի «առ այժմ»...

-Ո՛չ առ այժմ և ո՛չ առհապա...-ընդհատեց իշխանը.-արաբացին Արաբիայում պիտի իշխե և ոչ թե հայոց երկրում։

-Թո՛ղ այդպես լինի, ես չցանկացողը չեմ։

-Այդպես կլինի, վեհափառ տեր, եթե չես հապաղիլ խնդիրս կատարելու։

-Ի՞նչ խնդիր։

-Մի վայրկյան առաջ հայտնեցի. դու պիտի վերադառնաս քո աթոռը։

-Դվի՞ն։

- Այո՛։

-Բայց ի՞նչ օգուտ ունի քեզ համար իմ վերադարձը. ես կռվող չեմ, ոչ էլ զորախումբ ունիմ, որով կարողանայի քեզ օգնել։ Եթե դու մտադիր ես Դվինը գրավել և հույս ունիս