-Ուրեմն մի կամ երկու օրից, եթե սպարապետը չի ստիպիլ ինձ ուշանալ։
-Սպարապե՞տը... Այո՛, ես մոռացա։ Այս գաղտնիքների մասին, վեհափառ տեր, չպիտի հայտնես նրան ոչինչ։
-Ի՞նչ պատճառ բերեմ ուրեմն Բագարանից հեռանալուս համար։
-Ես արդեն պատճառը հայտնեցի նրան։ Դու գնում ես Դվին՝ կաթողիկոսարանը ոստիկանի հափշտակությունից ազատելու համար։
Վեհափառը բավարար գտավ այդ առարկությունը և պայման դրավ իշխանի հետ՝ ելնել Բագարանից երրորդ օրը։ Իսկ մինչև այն իշխանը պիտի պատրաստեր յուր մարդիկը, որոնք կմիանային կաթողիկոսի հետևորդներին Ծննդոց անտառում և նրանց հետ միասին կուղևորվեին Դվին։
Նույն օրը ևեթ հրաժեշտ տվավ Մարզպետունին Աշոտ սպարապետին և յուր թիկնապահների հետ ուղղվեցավ դեպի Գեղա լեռները։
Բ
ԵՐԵՔ ԿԵՏԻ ՎՐԱ
Հազիվ Մարզպետունի իշխանը հեռացավ Բագարանից, և ահա սպարապետը դիմեց միջնաբերդ, նրա գալստյան բուն պատճառը կաթողիկոսից իմանալու։ Բայց որովհետև համոզված էր, թե վերջինս նույնպես կարող է ծածկել այդ իրանից, ուստի որոշեց դիմել խորամանկության։
-Իշխանի մտադրությանը ես չեմ համակրում,-ասաց նա կաթողիկոսին, առանց որոշակի հարցեր անելու,-դու պիտի զգուշանաս այդ մարդուն գործիք դառնալուց։
-Ի՞նչ, նրա մտադրությունն արդեն հայտնի է քեզ,-միամտաբար հարցրեց կաթողիկոսը։
-Ինչպե՛ս չէ. սկզբում նա ծածկեց ինձանից. բայց երբ քո մոտից վերադարձավ, ես ստիպեցի նրան և նա յուր ծրագիրը բացավ իմ առաջ։