Էջ:Muratsan, vol. 4.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Մի՞թե... Բայց նա ինձ զգուշացնում էր...

-Ինձ ոչինչ չհայտնել, այնպես չէ՞,-հարցրեց սպարապետը խորամանկ ժպիտով։

Կաթողիկոսը մի տարակուսական հայացք ձգեց սպարապետի վրա և լռեց. նա չգիտեր ի՛նչ պատասխանել։

-Մի՛ ծածկիր ոչինչ, վեհափառ տեր. նա արդեն ամեն ինչ ինձ խոստովանեց։ Միայն չկարծես, թե իմ արքայական ճաշը կամ ազնիվ գինիները նրա սիրտը բացին. ո՛չ. ես նրան խոստացա իմ զորագնդերն ուղարկել յուր օգնության... Նրա վերջին մտադրությունը կարոտ է աջակցության։

-Ինչպե՞ս, դու խոստացա՞ր, և այդ խոստմունքը կկատարե՞ս...-հարցրեց կաթողիկոսը անհանգիստ ուրախությամբ։

-Անշուշտ. ընդհանուր հայրենիքի շահը այդ է պահանջում:

-Կեցցես, մեծափառ տե՛ր, այդպիսով դու կաղատես քո կաթողիկոսին անարգ գործ կատարելուց։ Չէ՞ որ երկու տարի առաջ Դվինը միասին գրավեցիք, այժմ էլ կարող եք նույն ձևով գրավել։

-Անարգ գործ... Այո՛, դու չպիտի կատարես, ես այդ թույլ չեմ տալ։

-Ես կաղոթեմ քո և իշխանի համար, կաղաչեմ աստծուն, որ նա անպարտելի կացուցանե ձեր բանակը, բայց կաթողիկոսարանի մեջ դավադրություն սարքել անկարող եմ...

-Միթե իշխանը քե՞զ հանձնեց այդ գործը։

-Այո՛. «Դու հովանավորիր, ասում է, այն մարդկանց, որոնք հոգևորականի հագուստով ծպտյալ կապրեն կաթողիկոսարանում և նրա նկուղներից խրամատ կփորեն մինչև արտաքին պարիսպը...»։ Միթե այդ կարելի՞ է։

Սպարապետն իմացավ արդեն ինչ որ պետք էր. մի ներքին ուրախություն նրա էությունը տոգորեց։

-Ո՛չ. այդ անարգ գործին չպիտի մասնակցես դու։ Ես թույլ չեմ տալ, որ հայոց կաթողիկոսը դավադիր հռչակվի աշխարհում, իմ բազուկը դեռ զորավոր է և նա կգործե քո փոխարեն։ Ես կմիացնեմ իմ գնդերը իշխանի զորքերի հետ,