Էջ:Muratsan, vol. 4.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բուն։ Այդտեղ նրանք թաքչում էին` թե՛ անցորդներ կողոպպելու և թե՛ հետամուտ զորքերից փախուստ տալու համար:

Բայց մի քանի օր էր ինչ այդ հրոսախմբերը անհետացել էին Ծննդոց անտառից կամ գուցե, նրա խորքերը քաշվել։ Այդ ավազակների տաղավարներում բնակվում էին այժմ մի խումբ հայ զինվորներ, որոնք տիրել էին այդ ծածկարաններին բռնությամբ, հալածելով այդտեղի նախկին բնակիչներին և նրանց մի մասը կոտորելով։ Զինվորներից ոմանք զբաղվում էին այդտեղից որսորդությամբ, որպեսզի դրանով կերակրեն իրանց և ընկերներին, իսկ ոմանք պահպանություն էին անում անտառի մուտքի մոտ և այդտեղից դիտում Դվնո դաշտը տանող ճանապարհները:

Դրանք Մարզպետունու մարդիկն էին, որոնք սպասում էին այդտեղ կաթողիկոսի գալստյան, որպեսզի նրա հետևողների հետ միանալով՝ դիմեն դեպի Դվին:

Բայց օրերը հաջորդում էին միմյանց և կաթողիկոսը չէր երևում։ Զինվորները իրանց ձանձրույթը փարատելու համար պարապում էին երբեմն զինվորական մրցությամբ և երբեմն իրանց կատարելիք գործի վերաբերմամբ փորձեր էին անում: Նրանք փորում էին խրամատներ, կապում էին ստորեկրյա կամարներ կամ ներքնուղիով ռազմամթերք փոխադրելու վարժություններ էին անում։ Դրանցից էլ ձանձրանալով` ստեղծում էին զվարճալի խաղեր, հագնում էին իրանց հետ բերած վարդապետական սքեմները, ծածկում էին խույրեր և վեղարներ և այդպիսով ստեղծում վարդապետների մի խումբ, որ տարօրինակ պատկեր էր ներկայացնում մենավոր անտառի մեջ։

Եվ սակայն այդպիսով շաբաթը լրացավ, բայց Բագարանից լուր չեկավ իրանց:

Զինվորներից ոմանք ցանկություն հայտնեցին ուղարկել Բագարան իրանցից մեկին և կաթողիկոսի ուշանալու պատճառն իմանալ: Բայց մյուսներն արգելք եղան, հայտնելով, թե իշխանը հրամայել է իրանց սպասել, ուրեմն և պիտի սպասեն, որպեսզի որևէ սխալ քայլ անելով` իշխանի դիտավորությունները չխանգարեն:

Բայց որտե՞ղ էր այդ միջոցին ինքը, Մարզպետունին: