Էջ:Muratsan, vol. 4.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Դու՞, մեծափառ տեր,-հարցրեց Մտրգպետունին բոլորովին զարմացած։

-Այո՛, ե՛ս. մի՞թե տարօրինակ է թվում քեզ իմ ցանկությունը։

-Ո՛չ թե տարօրինակ, այլ ընդհակառակը, շատ բնական... Միայն թե չգիտեմ ինչու՞ հանկարծ այսպես...

-Ի՞նչ։

-Փափկացավ քո սիրտը, որին ես այնքան անողոք էի գտնում միշտ։

-Իշխա՛ն, հարազատ եղբորը դժվար է մոռանալ։

-Իսկ ես ավելին կասեմ, անկարելի է մոռանալ...:

-Այո՛, թագավորն ինձ ինքնագիր նամակ է գրել...-ընդհատեց Աբասը՝ աչքերը տխրությամբ գետնին հառելով։

-Նամա՞կ,-հարցրեց իշխանը զարմանալով։

-Այո՛, տխուր նամակ, մեծ ցավ պատճառեց նա ինձ յուր այդ գրությամբ։

-Ի՞նչ է գրել. ինչու՞ է ցավ պատճառել,-հետաքրքրությամբ հարցրեց իշխան Մարզպետունին։

-Նա հիվանդ է։

-Հիվա՞նդ. ինչու՞։

-Չէ՞ որ Բեշիրի հետ ունեցած կռվում վիրավորված է եղել։

-Մի՞թե․ այդ ես չգիտեի,-հարեց իշխանը վախենալով։

-Այո՛, վիրավորվել է թունավոր նետով, վիրաբույժը, ասում են, հուսահատված է արդեն։

-Օ՜, այդ մի դժբախտություն է,-բացականչեց իշխանը.-անկարելի է ուրեմն թողնել նրան Սևանում, շտապենք բերել այստեղ։

-Վաղը ևեթ կարող ենք ճանապարհվել։

-Իսկ թագավորի նամակը չէի՞ր հաճիլ տալ ինձ կարդալու,-ակնածությամբ հարցրեց իշխանը։

-Դու արքայական տան հավատարիմն ես, ի՞նչ պիտի ունենանք մենք քեզանից ծածուկ,-պատասխանեց Աբասը վստահորեն.-ահա՛ նամակը, կարդա՛։