Էջ:Muratsan, vol. 4.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այս ասելով նա մոտեցավ պահարանին և հանելով այնտեղից արքայի գրությունը, տվավ իշխանին կարդալու։

Նամակը հետևյալն էր.

«Հայոց Աշոտ ապաբախտ թագավորից յուր սիրեցյալ եղբոր Աբաս արքայորդուն`

Ողջույն։

«Նախախնամության աջը, սիրեցյալ եղբայր, ծանրացավ արդեն ինձ վրա։ Եմ գործած հանցանքների համար նա պատժեց ինձ չարաչար։ Ես տեսա իմ երկրի ավերումը, տեսա սիրելյացս երեսդարձությունը, տեսա իմ թագի նսեմանալը։

Արժանի՞ էի ես այդ ամենին թե ոչ, չգիտեմ. միայն գիտեմ, որ նախախնամությունն անարդար ոչինչ չէ տնօրինում։ Պիտի խոնարհիմ ուրեմն նրա սուրբ կամքի առաջ և օրհեմ նրա անունը գոնե այն մխիթարության համար, որ նա տվավ ինձ իմ տանջանքների մեջ։

Դա այն աներկյան հույսն է, թե քիչ ժամանակից ետ պիտի բաժանվիմ աշխարհից և դադարեմ այլևս տանջվելուց։

Բեշիրի դեմ մղած ճակատամարտում մահ էի որոնում ես, բայց միայն վերք ստացա, և այն այնպիսին, որ երկար ինձ տանջեր և հանցանքներս հիշեցնելով` կեղեքեր իմ հոգին։ Անշուշտ այս էլ աստուծո տնօրինությունն էր. օրհնում եմ նրա կամքը։ Բայց որովհետև վիրաբույժս հուսահատած է արդեն, և գուշակում է, թե շուտով պիտի մեռնիմ, ուստի շտապում եմ դիմել քեզ, սիրեցյալ հարազատ, և խնդրել, որ փութաս քո հաշտության համբույրն ինձ բերելու։ Ես որոշել եմ մեռնել Սևանում. իմ մարմինը, հարկավ, կտանեք Բшգարան իմ հարց դամբարանում ամփոփելու, բայց հոգիս պիտի ավանդեմ այս ապաշխարանաց վայրում, այդ կարի ցանկալի է ինձ։ Ուրեմն լսիր իմ վերջին խնդիրը և կատարի՛ր նրան։

Ես մեռնում եմ անզավակ, դու ես մնում պայազատ իմ թագի և գահի, որոնց և պիտի ժառանգես իրավամբ։ Բայց կամենում եմ, որ դու տիրանաս նրանց ոչ իբրև իմ հակառակորդ, այլ իբրև եղբայր։ Բե՛ր ինձ ուրեմն քո հաշտության համբույրը և դրա փոխարեն ստացիր ինձանից քո օրինական ժաոանգությունը։ Նրա հետ միասին ես կամենում եմ հանձնել