Էջ:Muratsan, vol. 4.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քո ձեռը մի ավանդ, որի պահպանությունը կարող եմ վստահել միայն քեզ, իբրև իմ միակ հարազատին»:

Վերջին խոսքերն ավարտելուց ետ իշխանն անհամբերությամբ հարցրեց.

-Ե՞րբ ստացար այս նամակը, տե՛ր:

-Երեք օր առաջ,-պատասխանեց Աբասը։

-Եվ մինչև այս րոպեն կարողացար համբերե՞լ։

-Համբերեցի տանջվելով։ Եթե թագավորը միայն հաշտության մասին խոսեր, ես իսկույն ևեթ կշտապեի նրա մոտ, բայց նա հիշում է նաև իմ ժառանգությունը... Մի՞թե այդ ժառանգության համար պիտի հաշտվեմ նրա հետ...

-Եթե այդ է միակ տանջող մտածմունքդ...

-Այո՛, միայն այդ. ծանր է այժմ ինձ երևալ նրա առաջ։ Չէ՞ որ նա կկարծե, թե ժառանգությունս ստանալու համար եմ այցելել իրան։

-Մի՛ հոգար այդ մասին, տե՛ր, հապաղիլն ավելի ցավ կարող է պատճառել քեզ,-ասաց Մարզպետունին և խորհուրդ տվավ նրան շտապել, ճանապարհվել կարելվույն չափ փութով։

Մի քանի օրից հետո Աբաս արքաեղբայրն ու Մարզպետունի իշխանը ելան Երազդավորսից և ուղղվեցան դեպի Սևան։ Նրանց ուղեկցում էր հազար հոգուց կազմված և գեղեցկապես սպառազինված մի բանակ, որի մի մասը արքաեղբոր և մյուսը՝ Մարզպետունու զորքերից էին։

Կամենալով մի փոքր ոգևորել գավառներում ապրող ժողովրդին, նրանք Շիրակից չանցան դեպի Գուգարք, թեպետ կարճ ճանապարհն անցնում էր նրա միջով, այն է՝ Աղստև գետի ուղղությամբ, այլ իջան դեպի հարավ, մտան Արագածոտն և ապա անցան Նիգ և Վարաժնունիք գավառները։ Այդպիսով շրջան անելով՝ ամեն մի շենի կամ ավանի մոտեցած ժամանակ հնչեցնել էին տալի նրանք փողեր ու շեփորներ, անցնում էին հաղթական ընթացքով և պատրաստում էին ժողովուրդին իրանց մոտալուտ հարձակմանց աջակցելու։ Իսկ ինքը, ժողովուրդը, դիմավորում էր նրանց ուրախությամբ, սրտագին ցույցերով. հարգանք էր մատուցանում արքայական