Էջ:Muratsan, vol. 4.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր վտանգվիլ, նրա կալվածները չէին հափշտակվիլ,-ասում էր նա և կշտամբում, մանավանդ, Աշոտ բռնավորին, որ պատճառ դարձավ յուր հապաղելուն։

-Ընդհակառակը, ես ազատեցի քեզ անպատվությունից անխուսափելի մահից,-պատասխանեց բռնավորը։ -Դու արդեն մի քանի անգամ փախուստ ես տվել ոստիկանի երեսից. ուրեմն այս վերադարձով չպիտի կարենայիր նրա սիրտն ամոքել։ Վաղ թե ուշ, նա կձերբակալեր քեզ և, գուցե զնդանի մեջ էլ մեռցներ։ Այդպիսով Մարզպետունու տված խորհուրդը մահ և անպատվություն միասին պիտի բերեր քեզ։

-Այժմ էլ արդեն մեռած ու անպատված եմ,-պատասխանեց կաթողիկոսը,-ի՞նչ իրավունք ունիմ այլևս ապրելու և ինձ գահակալ անվանելու, քանի որ եկեղեցվո սուրբ հայրերից ինձ ավանդ տրված հարստությունը հափշտակության մատնեցի իմ թուլությամբ։

֊Ոչ թե քո, այլ նրա՛ թուլությամբ, որ իրան հայոց թագավոր է հռչակում, բայց երկյուղից կծկվել է Սևանի խուցերում։ Եթե թագավորը, որ զենք ունի ձեռքին և զորք յուր ետևում, փախչում է թշնամու երեսից, մի՞թե նույնն անելու իրավունք չունի մի հոգևորական, որի զենքն աղոթքն է միայն։

-Ո՜ւր էր թե այդպես մտածեր և իմ ժողովուրդը, բայց նա ամեն հանցանք ինձ վրա պիտի բարձի, մանավանդ՝ երբ «անհանգիստ իշխանը» մեղադրե ինձ ամենքի առաջ...:

-Մարզպետունի՞ն։

-Այո՛, ես սարսափում եմ նրանից։ Ի՞նչ պատասխան պիտի տամ արդյոք, եթե նա վերադառնա այստեղ։

-Եվ ո՛չ մի պատասխան. ո՞վ է նա և ի՞նչ իրավունք ունի քեզ վրա։

-Նա արքայի հավատարիմն է և գործում է նրա հրամանով։ Նա բարի խորհուրդ տվավ ինձ և ես չլսեցի...։

-Կամենո՞ւմ ես, վեհափառ տեր, ազատվել անհաճո զրույցներից,-հարցրեց հանկարծ բռնավորը։

-Օ՜, շատ կցանկանայի, բայց ինչպե՞ս կարող եմ:

-Հեռացի՛ր Բագարանից: