Էջ:Muratsan, vol. 4.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նրան հանդիպեց թագուհին, որ պահապան հրեշտակի նման հսկում էր արքայի վրա։ Տեսնելով վերջինիս ուրախադեմ` տիկինը զարմացավ։ Որքա՜ն ժամանակ էր, որ թագավորի դեմքը չէր զվարթացել և շրթունքները չէին ծիծաղել, այժմ ի՞նչ էր պատահել։ Միգուցե հիվանդության մի չարագուշակ փոփոխություն էր այդ կամ թե հոգեկան տկարության ապացույց։

Այդ մտքերը վայրկենապես ծագեցին տիկնոջ գլխում և բայց և իսկույն անհետացան, երբ թագավորը հայտնեց նրան Գևորգ իշխանի գալուստը։

Ոչինչ այնպես չէր կարող ուրախացնել տարագիր թագուհուն, ինչպես այդ անձի անակնկալ հայտնվելը։ Թագուհին, որ սովոր էր աղմկալից կյանքի, արդեն հոգնել էր երկար մենակությունից և, մանավանդ, ընկճվել արքայի հիվանդությամբ։ Այժմ նա պտրում էր մի մտերիմ բարեկամ, որին կարենար յուր ցավերը պատմել։ Եվ ահա՛ այդ բարեկամը գալիս էր։ Բացի այդ, նա գիտեր, որ Մարզպետունին կյանքով ու եռանդով լի մարդ է և կարող է հույս ու կենդանություն ներշնչել արքային, ուստի սաստիկ ուրախացավ այդ նորությունն իմանալով։ Նրանք երկուսը միասին դիմեցին դեպի դիտարանը, ավելի մոտից ծովափի շարժումը դիտելու։

Եվ ահա հանդիպակաց ափը շրջապատեցին լաստեր ու նավակներ, որոնց մասին իշխանը հոգացել էր կանխավ: Նրանց մեջ լցվեցան մի քանի հարյուր հոգի և փոքրիկ տորմիղն սկսավ սուրալ խաղաղ ալիքների վրա։

Հառաջընթաց մակույկի մեջ նստած էին Գևորգ իշխանը և արքաեղբայրը` իրանց հետևորդներով։ Նույն մակույկի վրա ծածանում էր արքայական դրոշը։ Մարզպետունին ուրախ էր, որ դարձնում էր նրան հաղթական փառքով, որովհետև հիշում էր, թե որպիսի՜ անստույգ վիճակի մեջ ստացավ այն արքայից։ Նա հրճվում էր մանավանդ, որ դրոշի հետ միասին վերադարձնում էր թագավորին յուր հարազատ եղբորը, որից նա վաղուց հեռացած էր գժտությամբ և որի աջակցությունը պիտի ապահովեր այժմ յուր նոր ձեռնարկության հաջողությունը։

Բայց Աբասն ուրօշ մտածությամբ էր զբաղված։ Նա