Էջ:Muratsan, vol. 4.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքան փառավոր և բազմամարդ էր, որ նմանում էր հաղթական մի դարձի։ Բացի հազարավոր զորքերը, որոնց մեծ մասը մնացել էր քաղաքից դուրս, եկել խռնվել էին Երազգավորս լայնածավալ Շիրակա բնակիչները, որով և անցուդարձը փողոցներում արգելել։ Ամենքը կարծես կարոտել էին թագավորին և շտապել ժամ առաջ այդ կարոտը լցնելու։ Եվ ամեն տեղ, ուր որ անցավ արքան, ժողովուրդը դիմավորեց նրան ցնծության աղաղակներով։ Այդ ամենը տեսավ թագավորը, հուզվեց և արտասվեց։ Նա հիշեց յուր անցյալը, համեմատեց ժողովրդի այս և այն ժամանակվա ոգևորությունը և գտավ նրանց համանման. բայց ինքը, ավա՜ղ, այլևս հին դյուցազնը չէր. յուր հոգեկան աշխարհը զուրկ էր կենդանությունից, ոգևորությունները չէին ջերմացնում յուր սիրտը։

Բայց որպեսզի չհուսահատեցնե յուր շրջապատողներին և մանավանդ Աբաս եղբորն ու Մարզպետունու իշխանին, որոնց անձնվիրությունը գնահատում էր ըստ արժանվույն, նա աշխատեց զսպել իրան և երևալ ամենքին ուրախ և զվարթերես։

Բացի այդ, նա որոշեց, մինչև անգամ, խորհուրդ տալ Մարզպետունուն` օգուտ քաղել ժողովրդի այդ ոգևորությունից` ծառայեցնելու նրանց եռանդը առավել շահյակ մի ձեռնարկության, այն է` Դվինի գրավման, որի մասին ինքը իշխանն աշխատել էր երկար, բայց որի հաջողության արգելք էր դրել Աշոտ բռնավորը` յուր մատնությամբ։

Երբ ժողովուրդն ու ազատանին արքայի գալստյան առթիվ ստեղծած տոնախմբություններն ավարտեցին, թագավորը հրավիրեց յուր մոտ Աբասին ու Մարզպետունուն և հայտնեց նրանց յուր խորհուրդը։

-Քանի այսքան զորք ի միասին ունինք խմբած և Սյունյաց իշխանը յուր գնդերով գտնվում է մեզ մոտ, պատրաստվեցեք հարձակվել Դվինի վրա։ Ձեր այս ուժին հագարացիք դիմադրել չեն կարող և դուք մայրաքաղաքը կխլեք նրանցից,-ասաց թագավորը:

-Ինչպե՞ս. դու այդ կթույլատրես մեզ...-կես զարմացած և կես ուրախացած հարցրեց Մարզպետունին։