Էջ:Muratsan, vol. 4.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավ յուր ռազմական բոլոր ուժը համախմբել Դվնո շուրջը։

Շուտով մյուս իշխաններն էլ սկսան կարգավորել իրանց զորքը և պատրաստել նրան մոտալուտ հարձակման։

Երազգավորսի շուրջը գտնվող դաշտավայրերի վրա, ուր Տիգնիսի վտակը խառնվում է Ախուրյանի հետ, զարկած էին դաշնակից իշխանների զորաց վրանները։ Մի քանի օր էր, ինչ այդտեղ սկսվել էր տագնապալից շարժում. մարդիկ կարծես կրակի մեջ էին։ Զորագնդերի մի մասն ընդհարման վարժություններ էր անում, մի մասը հարձակման փորձեր էր կատարում. ոմանք մրցախաղերով էին պարապած, իսկ ոմանք պարսպահար գործիներ կամ պաշարման համար պիտանի նյութեր էին պատրաստում։ Այդ ամենի վրա հսկում էին թե՛ իրանք` իշխանները և թե՛, մանավանդ, Վահրամ սեպուհը և Գոռ իշխանիկը։ Վերջինս եթե փափագում էր օրվա գեթ մի ժամը անցնել յուր հարսնացուի հետ, որ այդ միջոցին գտնվում էր արքունիքում, այդ էլ չէր կարողանում, որովհետև ռազմական պատրաստությունները խլում էին նրա բոլոր ժամերը։ Հազիվ գիշերվա մեջ հանգչում էր նա մի փոքր և վաղ առավոտվանից նորեն գործի սկսում։

Բայց արի պատանին ոչ միայն չէր տրտնջում, այլև ժպիտը չէր հեռացնում երեսից։ Իսկ Վահրամ սեպուհը նրան ոգևորելու համար ասում էր.

-Շուտով, սիրելիս, Դվինը կառնենք, հաղթական տոներ կկատարենք և մայր տաճարի մեջ քո պսակը կօրհնենք։

Մինչդեռ Երազգավորսում այս պատրաստություններով էին զբաղված, տեղի ունեցավ մի անակնկալ դեպք, որ սառեցրեց զորքի և զորապետների եռանդը։

Այդ հետևյալն էր։

Արքայի Շիրակ գավառը մտնելու օրից արդեն լուր էր հասել ոստիկանին, թե թագավորը մեծ զորքով վերադառնում է յուր Ոստանը։ Նըսրը, որ վաղուց ծանոթ էր Աշոտ-Երկաթի քաջության և գիտեր, թե նա քանի՛ անգամ է ընկած տեղից բարձրացել, նորից զորացել և յուր իշխանության վնասներ է հասցրել, սաստիկ վախեցավ, երբ նրա վերադարձը լսեց։ Նրա երկյուղը զորացրին մանավանդ արքայի գնացքին հետևող