Էջ:Muratsan, vol. 4.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր այն լրտեսները, որոնք եկան և պատմեցին նրան այդ մեծադղորդ վերադարձի մանրամասնությունները. հայտնեցին զորքերի թիվը, նկարագրեցին նրանց սպառնական ընթացքը, ժողովրդական ոգևորությունը, արքայի ընդունելության փառահեղությունը և այլն։

Արդեն Աբասի հաշտությունը թագավորի հետ այնպիսի մի դեպք էր, որից ոստիկանը պիտի վախենար, որովհետև այդ երկու քաջերի միությանն արաբացիք դիմադրել չէին կարող։ Բայց երբ նա իմացավ, որ Սյունյաց Սմբատ իշխանը ևս միացել է նրանց հետ յուր զորքերով, էլ սրտի բոլոր քաջությունը կորցրեց։

«Այո, միությունը ուղղված է իմ դեմ,-մտածեց նա ինքն իրան.-թագավորն ուզում է հալածել ինձ այստեղից. նա չէ գոհացել իմ զորքերը ջարդելով և աշխատում է ուրեմն ամիրապետի իշխանությունը վերացնել այս երկրից։ Իսկ Սմբատ իշխանը միացել է նրա հետ, որպեսզի վրեժ լուծե այն անարգանաց համար, որ ես հասուցի նրանց իր երդման դրժելով և յուր եղբայրները զնդանում պահելով...»։

Այս մտածությամբ ընկճված՝ նա հրավիրեց յուր մոտ Բեշիր զորապետին և Դվնո դենպետին և խորհուրդ արավ նրանց հետ, թե ինչպե՞ս կարող է սպառնացող վտանգը հեռացնել իրանից։

Բեշիրը հայտնեց, որ քաղաքում գտնվող արաբական զորքը հազիվ կարող է տասնօրյա պաշարման դիմադրել, ըստ որում համբարանոցներում պաշարը նվազած է և շուտով այն հայթայթել չեն կարող։ Միակ փրկությունը Դամասկոս սուրհանդակ ուղարկելը և ամիրապետից օգնական զորք խնդրելն է, բայց այդ միջոցը երկար կտևի և հայերը մինչև այն կարող են Դվինը պաշարել:

-Ինչպե՞ս կլինի, եթե մենք ինքներս հաշտություն առաջարկենք նրանց և թագավորի բարեկամությունը խնդրենք,-հարցրեց ոստիկանը։

-Մեր կրոնն իրավունք է տալիս քեզ խոնարհիլ և կեղծավորել անհավատին, եթե բռնությամբ չես կարող հաղթել նրան,-ասաց դենպետը,-միայն պիտի գիտենաս, որ մի