Էջ:Muratsan, vol. 4.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ խոնարհելուդ համար` տասն անգամ պիտի խոնարհեցնես, երբ հանգամանքները նորեն հաջողին քեզ։

-Այո՛, ինձ միայն մի անգամ է անհրաժեշտ խոնարհիլ այդ թագավորին, որպեսզի նրա շուրջը խմբված զորքերը հեռացնեմ,-պատասխանեց ոստիկանը,-իսկ այնուհետև, գիտեմ, նոր երկպառակություն կծագի, իշխանները կրկին կելնեն միմյանց դեմ. «Երկու հայի գլուխ մի կաթսայում չի եփվիլ», այդ հո հին առած է. և ահա՛, երբ այդ առածը կճշտվի, այն ժամանակ նորեն մենք մեր սուրը կհանենք։

-Այո՛, այդպես լավ է. այդ է միակ խոհական միջոցը,-ասաց Բեշիրը, և դենպետը համաձայնվեցավ նրա հետ։

________

Եվ ահա՛ մի գեղեցիկ օր, երբ դաշնակից իշխանները վերջին զորահանդեսն էին կատարում և թագավորը յուր նժույգը հեծած և ոստանիկ թիկնապահներով շրջապատված ներկայանում էր հանդիսին, որպեսզի անձամբ ոգևորե և քաջալերե զորքերին, ահա հանդիպակաց դաշտի վրա երևաց հեծյալների մի խումբ, որ արշավասույր դիմում էր դեպի հայոց բանակը։ Երբ նա բավական մոտեցավ, Մարզպետունի իշխանը նկատեց արաբական դրոշը և հրամայեց Գոռին՝ ընդառաջել յուր գնդով և տեղեկանալ, թե ովքե՛ր են և ինչո՛ւ են գալիս։

Որքան մեծ եղավ երիտասարդի զարմանքը, երբ նա հեծելախմբին մոտենալով` տեսավ նրա հետ Սյունյաց Բաբգեն իշխանին պատվավոր զրահավորության մեջ և ոստիկանի ավագանիներով շրջապատված։ Մինչդեռ նա անակնկալ հանդիպումով շփոթված պատրաստվում էր յուր զարմանքը արտահայտելու, իշխանը դիմեց դեպի նրան և փարելով երիտասարդին` համբուրվեցավ նրա հետ։

-Ի՞նչ դեպք և ի՞նչ հողմ հաջողեցին քո դարձը, տեր...-բացականչեց Գոռը ուրախանալով։

Իշխանը մի քանի խոսքով հայտնեց նրան յուր առաքելության նպատակը և ապա երկուսը միասին, իրանց հետևորդներով, դիմեցին դեպի բանակը։

Սյունյաց Սմբատ իշխանը հեռվից ճանաչեց եղբորը և