Էջ:Muratsan, vol. 4.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատկությանց շնորհիվ սիրելի դարձավ ոչ միայն թագավորին, այլև նրա բոլոր իշխաններին ու պալատական տիկնանց։ Այս առավելության արդյունքը եղավ այն, որ Գագիկ թագավորն ընդունեց Աշոտ արքայի ինքնագիր նամակով առաջարկած բարեկամությունը և միության ուխտ հաստատեց նրա հետ, գրելով այդ առթիվ դաշնագիր և վավերացնելով այն յուր ստորադրությամբ ու կնիքով։

Այդ միջոցներում ահա՛ հոգևոր միաբանությունների մեջ սկսավ արծարծվիլ նոր կաթողիկոս ընտրելու խնդիրը և մի քանի նշանավոր վարդապետանոցներ Մարզպետունու գուշակած երկպառակության դրոշը պարզեցին։

Հայաստանի հյուսիսային նահանգներում հոգևորականությունը ցանկանում էր, որ կաթողիկոսն ընտրվի իրանց եպիսկոպոսներից և բազմե անպատճառ Ոստանում, իբրև կաթողիկոսի մշտական վեհավայրում, մինչդեռ հարավային նահանգներում ցանկանում էին, որ նա լինի Վասպուրականի վանականներից և բազմե Ձորո-վանքում, ըստ որում կաթողիկոսը վախճանվել էր այդտեղ։

Հոգևոր միաբանությանց արծարծած խնդիրը գրավեց նաև կուսակից իշխաններին և երկպառակությունը հետզհետե ընդհանրացավ։ Փոքր իշխաններին միացան մեծերը, իսկ այս վերջիններին` նախարարական տները։

Մարզպետունի իշխանը յուր փորձառու իմաստությամբ զգաց, որ այդ շփոթը կարող է վնասել յուր նոր ստեղծած միությանը և, հետևապես, արգելք լինել ապագա ձեռնարկությանը, որովհետև տեսնում էր, թե հյուսիսային նահանգների դեմ բողոքող ձայներին միանում էր նաև Գագիկ արքայի Տունը։ Նա իսկույն մի նամակով դիմեց Աշոտ թագավորին և ծանուցանելով նրան գալիք վտանգները, խնդրեց այս հարցի մեջ համակերպիլ վասպուրականցիներին, որպեսզի դրանով Գագիկի ինքնասիրությունը շոյվի։

Այդպիսով Արծրունյաց Տունը ավելի սերտ կկապվեր Բագրատունյաց հետ, իսկ այդ բարեկամությունն օգուտներ կբերեր ապագայում թե՛ գահին և թե՛ հայրենիքին։

Այդպիսի մի նամակ էլ նա դրեց արքաեղբորը, խնդրելով նրան` հորդորել թագավորին յուր խնդիրը չանտեսել: