Էջ:Muratsan, vol. 4.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորքերը կորուստ չունենային։ Բայց այժմ, երբ Գագիկը միաբանել էր արքայի հետ, է՛լ երկյուղ կրելու տեղիք չէր մնում։ Հայերը կարող էին գրավել Դվինը նույնիսկ հարձակումով, եթե խաղաղ պաշարումը երկարաձգվեր։ Եվ ահա իշխանը մտածում էր օգտվել ձմեռային ամիսներից և հարկ եղած պատրաստությունները տեսնել, որպեսզի գարունը բացվելուն պես առաջ վարեր զորքը։

Բայց անողոք բախտը խանգարում էր նրան։ Հազիվ նա մի քանի գործեր կարգադրեց և հավատարիմներին հրահանգներ տվավ, ահա՛ գույժ հասավ Ուտիքից, թե Ցլիկ-Ամրամը Գուգարաց և Տաշրաց իշխանների հետ միանալով հյուսիսային այդ երեք նահանգները հանձնում է ափխազաց Բեր թագավորին

(Այդ ժամանակ արդեն վախճանվել էր վերջինի հայր Գուրգենը, որ միևնույն ժամանակ Աբաս արքաեղբոր աներն էր, և որի տեղ Ափխազիայում իշխում էր Բերը)։

Այս լուրն ընդհանրապես ծանր տպավորություն արավ արքունիքում. բայց ամենից ավելի վշտացրեց արքային և իշխան Մարզպետունուն։

Երբ վերջինս մտավ թագավորի մոտ` Ամրամի այս նոր դավաճանության պատճառի մասին նրա կարծիքն իմանալու, արքային գտավ տխուր և տկար։ Այսուամենայնիվ նա սիրով ընդունեց նրան և հետն սկսավ մտերմաբար խոսակցել:

-Այդ դավաճանությունը նոր չէ. դա հնի շարունակությունն է,-ասաց թագավորը։-Այդ սեպուհը, ինչպես մի անգամ էլ ասացի քեզ, ոչ թե ազգի, այլ ի՛մ թշնամին է։ Հետևապես նրա այս չարությունն էլ ուղղված է իմ անձի դեմ։ Նա լուռ էր մինչև այսօր, որովհետև ես փախուստ էի տվել յուր երեսից և ապրում էի Սևանում անփառունակ վիճակի մեջ։ Իմ այդ դժբախտությունը գոհություն էր պատճառում նրան և վրեժխնդրության կրակը հանգել էր նրա սրտում։ Բայց այժմ, որովհետև դարձա իմ աթոռը և քո շնորհիվ մեր գործերը մի քիչ հաջողեցան, ուստի հին ոխն ու վրեժը նորեն նրան գրգռեցին և նա այդ ազգագավ չարությունը հղացավ։ Այդ մարդը կարծում է, թե Աշոտ թագավորը