Էջ:Muratsan, vol. 4.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն վայրկենին իմ աչքերը չկուրացան. ինչպե՜ս կարողացա ես տեսնել նրան այն դրության մեջ և տակավին համառել... Նրա գիրուկ մարմինը նիհարել, զվարթ դեմքը դալկացել և վառվռուն աչքերը մարել էին... Նա նայեց ինձ վրա, կամեցավ խոսել, բայց ես արգելեցի նրան... Ինչու՞ արդյոք աստուծո ձեռը այդ րոպեին ինձ չհարվածեց. գուցե նա կամենում էր բողոքել, գուցե կամենում էր արդարանալ իմ առաջ և կամ բերել ապացույցներ, որոնք յուր անմեղությունը պիտի հաստատեին... Բայց ես անգութս ամեն բան մերժեցի։ Նայեցի նրան գազանային աչքերով և գուժեցի յուր սիրահար թագավորի ամոթահար պարտությունն ու անարգ փախուստը։ Այնուհետև միակ շնորհը, որ ես կարողացա անել նրան, այն էր, որ հրամայեցի հանել երկաթե շղթաները և առանց կապանքի փակել նրան վերին դստիկոններից մինում։

Վերջին խոսքերի վրա Ամրամր խոր հառաչեց և գլուխը ձեռքերի մեջ առնելով` մնաց լուռ։ Թվում էր, թե նա չի կարողանում այլևս սկսածը շարունակել, ուստի իշխանը խնդրեց նրան լռել եթե մի ծանր վիշտ արգելում էր իրան խոսել։

-Ընդհակառակը, վիշտն ստիպում է ինձ խոսել,-շարունակեց սեպուհը` գլուխը վեր անելով։ -Որքա՜ն ժամանակ է, որ ես չեմ խոսել, որքա՜ն ժամանակ է, որ այս սրահները միայն իմ տխուր հառաչանքներն էին լսում, միայն իմ դառն արտասունքները տեսնում... Օ՜, ծանր, դժվարին, կարի անտանելի մի դրություն է այս. և սակայն նա վիճակված է մեզ, թշվառ մահկանացուներիս... Բայց ինձ թվում է, թե վշտերն առհասարակ կմեղմանային, նրանք չէին տանջիլ մեզ անողորմաբար, եթե մեզ շրջապատողները, մեր պատկերներն ու հոգին կրող մարդիկ կարողանային մի վայրկյան մեր սիրտը քննել և նրան կեղեքող վշտերը տեսնել...։ Ասա՛ այժմ ինձ, տեր Մարզպետունի, ինչպե՞ս կվարվեիր, եթե իմ վիճակում գտնվեիր։

-Ի՞նչ վիճակում, օրինակ։

-Եթե հանկարծ իմանայիր, որ սիրածդ անձը դավաճանել է քեզ։

-Ես ոչ մի մարդու կատարյալ չեմ համարում, ամեն մինը մեզանից ունի յուր թերությունը. այդ պատճառով էլ