Էջ:Muratsan, vol. 4.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի՜ անգամ կամեցա գնալ, մտնել այն մենարանը, ուր հեծում էր թշվառ կինը, բանալ նրան նորեն իմ գիրկը, սեղմել իմ կրծքին և ասել. «Ասպրամ, ներում եմ քեզ...»։ Բայց, ի՞նչ մեղքս թաքցնեմ, այն միտքը, թե գուցե նա ավելի երջանիկ է համարում իրան յուր սիրո համար տանջվելով, քան թե կհամարեր նորեն իմ գիրկը դառնալով, ոտքերս կասեցրին..։ Եվ այսպես ամիսներ անցան։ Ներքին հպարտությունս թույլ չեր տալիս ինձ մոտենալ հանցավորին և ասել նրան լեզվով այն, ինչ որ վաղուց ասել էի սրտով։ Բայց հոգիս հետզհետե ավելի էր խռովվում։ Լինում էին վայրկյաններ, երբ տխրությունը ծանրանում էր վրաս, անձուկը խեղդում էր ինձ և ես լուռ, անխոս, առանց հառաչել իսկ կարենալու, սկսում էի դառնապես արտասվել։

Մի անգամ դիպվածով տեսա, որ կերակուր տանող աղախինը վերադառնում էր աշտարակից` բերելով յուր հետ կերակրի խանը բոլորովին անձեռնամուխ։ Իմ հարցին, թե «Ինչո՞ւ չէ կերել տիկինը», աղախինը պատասխանեց, թե «Չհաճեցավ ուտել և հրամայեց այլևս կերակուր չտանել իրան»։ Այս տարօրինակ պատվերը կասկածի մեջ ձգեց ինձ և սկսա իմ խղճից տանջվել չարաչար։ Նորեն հին մտքերը պտշարեցին ինձ. նորեն որոշեցի գնալ նրա մոտ, հանել թշվառին աշտարակից, վերադարձնել իրան յուր տիկնությունը... Եվ սակայն հակառակ մտքեր էլ ունեցա, ուստի և երկար մնացի իմ խցում։ Անցան շատ ժամեր։ Դղյակի եկեղեցու ժամհարը, որ դռների ետևից «ալելուիա» հնչելով և կոչնակը զարկելով հրավիրում էր մարդկանց աղոթելու, սթափեցրեց ինձ թմրությունից։ «Ինչո՞ւ համար եմ ուշանում. ազատենք վերջապես թշվառին», մտածեցի ինքս ինձ և վեր թռա տեղից։ Բայց... Օ՜, ի՜նչ վայրկյան էր այն, ինչու շանթահար չեղա ես...

-Ի՞նչ պատահեցավ,-հարցրեց իշխանը վախենալով։

-Ի՜նչ պատահեցավ... Ահա թե ինչ. շտապ-շտապ դիմեցի դեպի աշտարակը, հրամայեցի պահապանին երկաթապատ դուռը բանալ, ներս մտա և ի՞նչ տեսա, աստված իմ... Իմ կինը, իմ սիրած Ասպրամը կախված առաստաղից...։

-Կախվա՜ծ...-բացականչեց իշխանը սարսափելով: