Էջ:Muratsan, vol. 4.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անխորհուրդ մտքին, ուստի և ամեն տեղ արքայական զորքերին աջակցեց։ Նույն հաջողություններն ունեցավ Վահրամը նաև Գուգարքում։

Ապա խոտորելով դեպի արևմտյան հարավ՝ նա մտավ Տայոց աշխարհը, ուր հանդիպեց Գևորգ Մարզպետունուն։ Վերջինս հայտնեց նրան, թե Գուգարաց և Տայոց վերակացու իշխաններն իրանց հավատարիմներով հեռացել են արդեն Ափխազիա և թե Տայոց ամրությունները, իբրև ավելի մոտ այդ երկրին, բռնված են արդեն ափխազաց զորքերով։

Բայց որովհետև ձմռան օրեր էին և Տայոց երկիրը գրավելու համար պետք է նրանք կռվեին շատ բերդերի հետ, իսկ այդ առթիվ հարկավոր կլիներ թե՛ նոր զորք բերել Ոստանից և թե՛ ձմեռվա խստության դեմ գործել, այդ պատճառով իշխանն ու Վահրամը խորհուրդ արին բանակ դնել Փանասկերտի մոտերքը, համանուն ձորում, որ Գուգարաց ու Տայոց սահմանն էր, և սպասել այդտեղ մինչև գարնան օրերը կբացվեին։

Եվ որովհետև Դվնո առումն ու հագարացոց հալածելը մահու և կյանքի խնդիր էր դարձած Մարզպետունու համար, ուստի նա չէր կամենում հյուսիսային նահանգները թողնել մի ուրիշ թշնամու ձեռքը, ըստ որում վերջինս կարող էր ամեն ժամանակ հարձակվել ներքին գավառների վրա և խանգարել իրանց այնպիսի մի ժամանակ, երբ իրանք զբաղված կլինեին հագարացիների հետ կռվելով։ Այդ պատճառով, ահա՛, որքան էլ Տայոց աշխարհի ձմեռը սաստիկ և այդտեղ բանակելը դժվարին, այսուամենայնիվ նա որոշեց չհեռանալ այդ նահանգից, մինչև որ այն ամբողջապես օտարի ձեռքից չազատե։

Այս նպատակն ունենալով աչքի՛ առաջ, իշխանն անգործ չնստեց նաև ձմեռվա ամիսներում։ Նա գաղտնի բանակցություններ սկսավ երկրի փոքրիկ իշխանների հետ և ամեն միջոց գործ դրավ նրանց բարեկամությունը վաստակելու։ Եվ որովհետև դրանք դեռ հավատարիմ էին գահին, ուստի սիրով ընդունեցին այն ամեն առաջարկությունները, որ արավ իշխանը՝ ափխազցիների դեմ գործելու նկատմամբ։

Վերջապես գարունը հասավ, օրերը ջերմացան և հալոցի սկսվելով՝ ճանապարհները մաքրվեցան։ Մարզպետունի իշխանը,