Էջ:Muratsan, vol. 4.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդեն մերձիմահ էր։ Այսուամենայնիվ նա ուրախացավ հավատարիմ իշխանի գալուստը լսելով։

-Կանչեցեք նրան այստեղ,-հրամայեց թագավորը և իշխանն իսկույն ներկայացավ։

-Միակ ցանկությունս էր՝ տեսնել քեզ վերջին անգամ,-ասաց թագավորը յուր դողդոջուն ձեռքը պարզելով դեպի նրան.-արի, մոտեցի՛ր ինձ, իշխան, և ասա, որ ներում ես ինձ։

-Ո՞ր հանցանքիդ համար, տեր,-բացականչեց իշխանը և հուզված ծնկան եկավ արքայի ձեռքը համբուրելու։

-Հանցանքներս շատ են, նրանց թվել չեմ կարող... այսքանը միայն կասեմ, որ կրածդ նեղությանց պատճառը ես եմ... ների՛ր ինձ. ներիր քո թագավորին...

-Տեր արքա, մենք մաքառում ենք արտաքին չարիքների դեմ, նրանք հասնում են մեզ հեռվից...։

-Ո՛չ. այդ չարիքների հեղինակն էլ ես եմ... Տավուշից գրած քո նամակը ճշմարտության մի քարոզ էր... Շնորհակալ եմ. նա ազատության դուռ բացավ ինձ համար... Եթե իմանաս, թե որչա՛փ ուրախ եմ կեղեքող տանջանքներից ազատվելու համար...

Իշխանը հասկացավ արքայի ակնարկության խորհուրդը և թեպետ համոզված, որ նա ուրախ է մեռնելու համար, այսուամենայնիվ սրտի խորքից վշտացավ, որ յուր նամակն է տագնապն շտապեցրել։

-Դու պիտի ներես ինձ, տեր,-խոսեց իշխանը վշտագին.-ես իմ՝ անզգույշ քայլով վտանգել եմ քո քաջառողջությունը։

-Բնա՜վ. իմ գահին արած քո մեծամեծ ծառայությանց պսակն է կազմում այդ քայլը, որ դու «անզգույշ» ես անվանում... Աշոտ-Երկաթը հանցավոր Հովնան է. հայրենիքի ծովը նրա պատճառով է ալեկոծվում... Մարզպետունու ջանքերը չեն կարող խաղաղեցնել նրան, քանի հանցավորը գտնվում է փրկության նավի վրա... Հանեցեք, ձգեցեք ինձ ծովը և նավը յուր նավազներով վտանգից կազատվի...։

Թագավորը մի վայրկյան լռեց և ապա աչքերը բանալով