Էջ:Muratsan, vol. 4.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջարկեց ինձ բարձրանալ միջնաբերդ` յուր նորակառույց դղյակը դիտելու,- պատասխանեց Աբասը միամտաբար։

-Դու էլ եթե կամենում ես, ընկերացիր մեզ,-հարեց «բռնավորը» քաղցրությամբ-շատ պիտի ուրախանամ, եթե Մարզպետունի իշխանը հավանե իմ ճարտարապետական ճաշակին։

-Դու մոռացել ես, տեր, բայց ես տեսել եմ քո ձեռակերտը դեռ այն ժամանակ, երբ Հովհաննես կաթողիկոսը ապաստանած էր նրան,- պատասխանեց իշխանը սառնությամբ։

-Հոգ չէ, ընկերացի՛ր մեզ եղանակը ջերմ է և հաճելի,-պնդեց Աշոտը:

-Մեծափառ տեր, քո դղյակ գեղեցիկ է և ամուր, իշխանաց-իշխանն անշուշտ կհավանե նրան, բայց ցանկալի էր, որ մենք դժդոհություն չպատճառեինք թագուհուն,-առարկեց իշխանը։

-Ի՞նչ կնշանակե այդ,-հարցրեց Աբասը զարմացած։

-Մենք տակավին սգո մեջ ենք և մեր թախիծն անցնելու վրա չպիտի մտածենք,-պատասխանեց Մարզպետունին:

-Կենդանիները մեռելների հետ չեն թաղվում, Գևորգ իշխան,-նկատեց «բռնավորը» կեղծավորաբար ժպտալով:

-Այդ ճիշտ է. բայց մեռյալներին այդքան էլ շուտ չեն մոռանում։

-Տե՛ր Մարզպետունի, քեզ չի հասնիլ հրահանգել քո իշխանապետին, նա քո թագավորն է այժմ,-խստությանբ նկատեց «բռնավորը»։

-Այո՛, իմ թագավորն է կեցցե՜ Աբաս հայոց թագավորը,-բացականչեց իշխանը սաղավարտը հանելով և խոժոռ աչքերով սպարապետի վրա նայելով։

-Ի՞նչ կնշանակե այս ամենը,-տարակուսած հարցրեց Աբասը` զգալով, որ երկու հակաճառողներին հայտնի է արդեն մի գաղտնիք, որը սակայն անգիտանում է ինքը։

-Տեր, դու՞ ցանկություն հայտնեցիր դղյակը բարձրանալու,-հարցրեց իշխանը Աբասին, առանց նրա հարցին պատասխանելու։