Էջ:Muratsan, vol. 4.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ո՛չ, հորեղբայրս առաջարկեց և ես շնորհակալ եմ նրա հոգածություն համար։

-Ես առաջարկեցի, այո՛, իսկ դու, Մարզպետունի իշխան, ինչո՞ւ ավելորդ բացականչություններ ես անում իմ արքայական մեծության առաջ,-գոչեց «բռնավորը»՝ աչքերը զայրացած իշխանի վրա սևեռելով։

Վերջինս չպատասխանեց նրան, այլ դառնալով Աբասին՝ մեղմությամբ ասաց.

-Տեր իմ, քո ծառան աղաչում է, որ դղյակը բարձրանալու փոխարեն բարեհաճիս իջնել բանակը, եթե կարիք ես զգում թախիծդ փարատելու. Ախուրյանի ափերը ավելի զվարճալի են այժմ և արևն այնտեղ ավելի է ջերմացնում։

Աբասը դեռ չէր պատասխանել, երբ «բռնավորը» գոչեց.

-Ինչո՞ւ իմ հարցին չես պատասխանում, Մարզպետունի իշխան։

-Քո հարցին պատասխանելուց առաջ՝ ինքս պիտի նոր հարց տամ քեզ. ասացե՛ք, ինչո՞ւ Երասխաձորի քո զորագունդը հառաջանում է դեպի Երազգավորս...

-Իմ զորագո՞ւնդը...-այլայլած ու շփոթված հարցրեց Աշոտը։

-Երասխաձորից դեպի Երազգավո՞րս... Այդ ի՞նչ է նշանակում,-վրդովված հարցրեց Աբասը։

-Այո՜, մինչդեռ մենք ապահով նստած ենք այստեղ, մեր հյուրընկալը մտածում է մեզ հանկարծակիի բերելու...-հարեց իշխանը։

-Դու ստում ես...-բացականչեց «բռնավորը»։

-Ստում է քո «արքայական մեծությունը»,-զայրացած պատասխանեց Մարզպետունին, առանց այլևս համբերել կարողանալու։

-Դու հանդգնում ես մինչև այդտե՞ղ,-գոռաց «բռնավորը» և ապա զորականին դառնալով` հրամայեց. կալանավորեցե՛ք իսկույն այս թշվառականին։

Զինվորներից մի քանիսը առաջ անցան։

-Միթե ստեղծվել է այն մարդը, որ պիտի համարձակվի Մարզպետունուն կալանավորել նրա մեռնելուց առաջ...-որոտաց իշխանը և սուրը հանելով հրավեր կարդաց