Էջ:Muratsan, vol. 4.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորականին։-Օ՜ն, ուրեմն, փորձեցեք ձեր ուժը, բագարանցի քաջեր...։

Եզնիկն այս տեսնելուվ` թռավ ձիու վրա և դեպի բանակը սլացավ։ Բայց հառաջացող զինվորները տեղերնին մեխվեցան։

-Այս ի՞նչ է նշանակում, մեծափառ տեր. մի՞թե Բագրատունյաց պայազատը կարող է այս աստիճան նվաստանալ...-վրդովված խոսեց Աբասը։

-Ի՞նչ. նվաստանա՞լ ասացիր... և ա՛յն իմ պահակների առաջ...-բացականչեց «բռնավորը»։

-Դու ոտնակոխ ես անում հյուրասիրության սրբազան օրենքը, դու անարգում ես հանգուցյալ թաքավորի հիշատակը. ուրիշ ի՞նշ անուն կարող եմ տալ այդ վարմունքին։

-Դու ուրեմն կրկնու՞մ ես հայհոյանքդ։

-Ավելին կարող եմ ասել, դու մի դավաճան ես...-զայրացած պատասխանեց Աբասը և ապա դառնալով Մարզպետունուն՝ հրամայեց.-իշխա՛ն, խնդրի՛ր իմ կողմից թագուհուն պատրաստվել իսկույն. մենք այսօր ևեթ պիտի հեռանանք այստեղից։

-Ոչ ոք չպիտի հեռանա,-կտրուկ ձայնով գոչեց «բռնավորը»։

-Հեռանալը մեր կամքից է կախված,-նկատեց Աբասը։

-Իսկ թողնելը իմ կամքից,-պատասխանեց Աշոտը։

-Թողնե՜լը... Ի՞նչ, դու ուրեմն կալանավորո՞ւմ ես մեզ,-բացականչեց Աբասը զայրույթից դողալով։

-Ոչ, ես կամենում եմ ավելի երկար հյուրասիրել ձեզ,-պատասխանեց «բռնավորը» հեգնորեն ժպտալով։

-Այդ նպատակով էիր ուրեմն ինձ քո դղյակն առաջնորդում, այնտեղ էիր կամենում ինձ բանտարկել,-հարցրեց Աբասը զայրագին։

-Այո՛... եթե հաճելի է քեզ հավատալ քո կասկածին։

-Այդ ոչ թե կասկած, այլ ճշմարտություն է. Մարզպետունի իշխանն ավելի շուտ գուշակեց քո դիտավորությունը։

-Եթե այդպես է, թո՛ղ ուրեմն մարմնանա այդ