Էջ:Muratsan, vol. 4.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


-Նսըր ամիրայի հրամանով մենք գնացել էինք Երազգավորս՝ Բագարանի թագավորի զորաց օգնության. բայց որովհետև նրանք ձեր գալուստը լսելով փախան, ուստի մենք ևս ահա՛ վերադառնում ենք Դվին։

Աբասը սաստիկ զայրացավ և քիչ էր մնում, որ հրաման արձակեր՝ սուր քաշել ամենքին։ Բայց Մարզպետունին հանգստացրեց նրան ասելով.

-Աստված հաջողում է մեզ, տե՛ր, ոստիկանի հետ գրած դաշինքը մենք չէինք կարող ոտնակոխ անել առանց ամիրապետի ցասումը գրգռելու։ Բայց ահա՛ Նսրըն ինքն առաջինը դրժում յուր երդման։ Այժմ ուրեմն մենք ազատ ենք Դվնո վրա հարձակվելու, և ամիրապետն ինքը կարդարացնե այս վրեժխնդրությունը։

Աբասը բանավոր գտավ իշխանի առարկությունը և հրամայեց խլել բոլոր հագարացիներից զենքերն ու ձիերը և իրանց հետիոտն արձակել Դվին։

-Գնա՛ և ասա՛ ոստիկանին, թե շուտով մենք կգանք յուր հաշիվը քննելու...-ասաց նա արաբացի գլխավորին և հեռացավ։

Հայոց զորքը զինաթափ արին հագարացիներին, խլեցին արաբական նժույգները և արձակեցին նրանց։

Հասնելով Երազգավորս՝ Մարզպետունու առաջին գործն եղավ՝ սուրհանդակ ուղարկել Վասպուրական և հիշեցնել Գագիկ թագավորին հանգուցյալ արքայի հետ դրած բարեկամության դաշինքը և խնդրել նրան՝ վերցնել կաթողիկոսին և գալ Երազգավորս Աբասին թագավոր պսակելու։

Գագիկը պատճառ բերելով յուր ծերությունը՝ խնդրեց Աբասին իրան իջնել Վասպուրական և Արծրունյաց հին ոստանում թագավոր պսակվել։

«Քանի որ արտաքին ու ներքին թշնամիները այդքան մոտ են ձեզ, ասում էր նա յուր նամակում, նրանք կարող են մեզ խանգարել նույնիսկ թագադրության ժամին։ Ուստի ես բարվոք եմ համարում այդ սրբազան հանդեսը կատարել Վանում, ուր ես կհրավիրեմ բոլոր իշխաններին և ուր հայոց թագավորը կարող է վայելել ապահով հանգիստ, որչափ ժամանակ և ինքը կկամենա»: