Էջ:Muratsan, vol. 4.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքը Գագիկ թագավորը: Նրա հետ էին թե՛ արքունի իշխանները և թե՛ հրավիրյալ նախարարներն ու ազատանիկները, որոնք և փառահեղ հանդեսով ուղեկցեցին նրան մինչև Գագկա հոյակապ արքունիքը:

Թեպետ բոլոր քաղաքը զարդարված էր արդեն գույնզգույն դրոշներով և պատշգամներն ու սարավույթները պճնված շղարշներով, երփներանգ պաստառներով և սյունական զորգերով, բայց արքունյաց զարդարանքը շլացնում էր ամեն աչք:

Նրա սյունաշարերը պճնված էին դալարով և գույզգույն ծաղիկներով, կամարներն ու բարավորները` սքողված ծիրանիով և ոսկեթել վառերով: Դահլիճների հատակը ծածկված էր գորգերով, թավշով ու կերպասով, իսկ կարասիների վրա, որոնց մեծ մասը շինված էր փղոսկրից ու սադափից, փայլում էին առատորեն արծաթ և ոսկի: Միով բանիվ ամեն տեղ երևում էր հարստություն և արքայական պերճություն:

Վասպուրականի թագավորը, որ սիրահար էր շքեղության, դրա հետ միասին ուներ անհուն փառասիրություն: Եթե մի կողմից նա շքեղազարդել էր արքունիքը ի պատիվ Արարատյան վեհապետի, մյուս կողմից էլ այդ արել էր յուր վեհազնյա հյուրերի, իշխանների և իշխանուհիների առաջ պարծենալու համար:

Եվ շատերի աչքը, արդարև, նա շլացրեց, բայց այդ շատերի թվում չէին ո՛չ Մարզապետունին և ո՛չ Սյունյաց հարազատները, որոնք գիտեյին, թե ի՛նչ գնով է Գագիկն այդ ամենը ձեռք բերել, ինչ գնով է նա թագավոր հռչակվել և որքա՛ն չարիք, որքա՛ն թշվառություններ է պատճառել ազգին, մինչև որ արքայի կոչումն է ստացել:

Սակայն հանգամանքներն ստիպել էին այժմ դրանց` դիմել հինավուրց մատնչի օգնության և նրա ոստանում թագավոր պսակել Աբասին:

Երբ այս մասին դիտողություն արավ Սյունյաց իշխանը, Մարզապետունին պատասխանեց.

-Ընտրեցինք չարիքներից փոքրագույնը...:

Մի քանի օրից ետ Թեոդորոս կաթողիկոսը Վանա