Էջ:Muratsan, vol. 4.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միմյանց վրա։ Սրերն սկսան շողալ, նիզակները ճոճել և աջ ու ձախ կատաղի հարվածներ տեղալ։ Հարձակումն այնպես սաստիկ և բախումը զորավոր էր, որ երկու կողմից էլ կարգերն իսկույն խանգարվեցան։ Վանանդացիք բաժանվեցան սյունեցիներից, իսկ այս վերջիններն իրարից. նույնպես էլ արաբացիք չկարողացան իրանց միությունը պահպանել: Հայերի մի մասը ետ մղեց նրանց աջ թևը, իսկ սրանք դրա փոխարեն ճնշեցին նրանց ձախը։ Այդպիսով, խմբերը ճապաղելով՝ կռիվը բորբոքեցին մի քանի կետերի վրա։ Այս հանգամանքը ձեռնտու էր հայերին, որովհետև շարժվելու ազատություն ունենալով` ավելի հաջողությամբ կկռվեին։ Բայց ոստիկանը, որ յուր մինարեթից դիտում էր կռվի ընթացքը, տեսնելով հայերի զորեղ ընդդիմությունը, նոր զորքեր ղրկեց յուրայիններին օգնության։ Այդ պատճառով, հայերը նոր հարձակման հանդիպելով, հետզհետե տկարացան։ Նրանց յուրաքանչյուր խմբակին շրջապատել էր մի ահավոր գունդ։ Վայրկյանը հուսահատական էր. Բաբգեն իշխանը, որ կռվում էր կատաղաբար, նոր հարձակման առաջ ետ կասեց մի վայրկյան, ապա հայացքը Դվնո կաթողիկեին ուղղելով՝ սրտառուչ ձայնով բացականչեց. «Մի՞թե դու, ով լուսավորչի խաչ, պիտի հանդուրժես մեր կոտորածին և հաղթություն տաս գարշ հագարացուն, որ ծաղրում է քո սրբությունը... Ցույց տուր, ով քառաթև, որ իզուր չենք մենք ապավինել քեզ, և որ հզորագույն է այն բազուկը, որ քո թևին գամվեցավ...»։

Այս ասելով նա սուսերամերկ խոյացավ դեպի հարձակվող զորքերը և աննման հերոսությամբ սկսավ պաշտպանել յուր մարտիկների տկարացող կողմը։ Բայց ո՛չ իշխանի և ո՛չ նրա զորքի հերոսական ջանքերը չկարողացան հաղթել արաբացոց գնդերին, որոնք հետզհետե ստվարանում էին: Ընդհակառակը, մի քանի կետերի վրա հայերն սկսան վերջնականապես ընկճվել. նրանք հոժարությամբ փախուստ կտային, թե չվախենային իսպառ ջնջվելուց. այս պատճառով կռվում էին հուսահատ կատաղությամբ։ Փոքր մի ևս, և արաբացիք հաղթության փողը պետք է հնչեին... Բայց ահա՛ հենց այդ վայրկենին լսվեցավ հանկարծ հայախումբ զորքերի