Էջ:Muratsan, vol. 4.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոտագին աղաղակը և Վահրամ սեպուհը, ինչպես շանթառաք մի հարված` ահավոր սուրը ձեռին ընկավ արաբացոց վրա։ Նրան հետևում էին գուգարացիք, բասենցիք և Շիրակավանի քաջերը։ Ինչպես հանկարծահաս մի փոթորիկ կամ գարնանազայր մի հեղեղ թափվեցան նրանք արաբացիների վրա և սկսան անխնա կոտորել, ջարդել, ջախջախել` ոմանց սրախողխող անելով, ոմանց նիզակահար սատակելով և շատերին նժույգների ոտքի տակ տալով։

Բաբգեն իշխանը զարմացավ։ Որտեղի՞ց բուսավ արդյոք սեպուհը։ Որտե՞ղ էին թաքնված նրա զորքերը, չէր կարողանում գուշակել։

Բայց Դվնո արևմտյան ճանապարհով եկող հեծելազորը, որ խրախուսել էր ոստիկանին և, ընդհակառակը, երկյուղ ազդել Բաբգենին, հենց Վահրամ սեպուհի զորախումբն էր եղած։ Վերջինս արքայի հրամանով շտապել էր իշխանին օգնության, ըստ որում բուն բանակը փոքր-ինչ պիտի ուշանար։ Սեպուհը հագարացոց պահակներից խույս տալու և Արտաշատի ջրանցքին անարգել հասնելու համար շրջան էր արել Դվնո դաշտի բարձրից և Խոսրովու անտառը անցնելով` մտել Կարնո կոչված ճանապարհը։

Սեպուհի և նրա գնդերի հարձակումը փոխեց իսկույն կռվի կերպարանքը։ Հագարացիք հանկարծակիի եկան, իսկ սյունեցիք ու վանանդացիք նոր ոգի առնելով` սկսան ավելի կատաղաբար հարձակվել հակառակորդների վրա։ Նորեն կռիվը բորբոքեց. նորեն խմբերն ընդհարվեցան։ Հազարավոր սրեր շողում էին ու հարվածում, նիզակները` ճոճում ու շամփրում, սաղավարտները ճեղքում, զրահներ պատառում, վահաններ ջախջախում... Հաղթողների աղաղակը, ընկնողների վայունը, զենքերի շաչյունը թնդացնում էին օդն ու դաշտը...։

Սակայն հաղթության աստղը թեքվում էր հայոց կողմը, արաբացիք նորեկների հարձակումից շվարելով և մանավանդ թե սաստիկ հարված առնելով` մի քանի կետերում սկսան նահանջել։ Բեշիրն այդ տեսնելով` հրամայեց իսկույն նահանջի փող հնչեցնել, որպեսզի մնացորդ զորքն ազատե կոտորածից։ Բայց արաբացիք փողի ձայնն առնելուն պես`