Էջ:Muratsan, vol. 4.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արգելում էր լայն ու խոր խրամը, որին մի քանի տեղ լցնելու համար դեռ կարիք կար ժամանակի, ուստի թագավորը հրամայեց առաջին հարձակումն առանց մեքենաների սկսել:

Այդպես էլ արին։ Եվ որպեսզի պաշարյալների զորությունը ցրեն, հայերը հարձակվեցան քաղաքի ամեն կողմերից։ Այնպես որ հագարացիք, բոլոր շրջապատի հետ կռվելու համար, ստիպված էին մարտկոցների պաշտպանությունը կիսով չափ նվազեցնել։

Հայերը, որ հայտնի էին իբրև ընտիր նետաձիգներ` սկսան իրանց տարափը նախ ասպարափակ շարքերի ետևից տեղալ, ապա հետզհետե պարիսպներին մոտենալով սկսան վանել դիմադիր հագարացիներին։ Վերջիններս, սակայն, հզորապես կռվում էին այն խմբերի հետ, որոնք կամենում էին սանդուղքներ մոտեցնել պարիսպին։ Բացի կարթավոր երկաթյա ձողերից, որոնք մահ էին սպառում սանդուղքավոր զորականին, նրանց նետերն էլ քիչ չէին նեղում հարձակվող հայերին։

Այսպիսի մի զորեղ դիմամարտ բռնկել էր Դվնո ավագ դռան առաջ, ուր մի քանի մարտկոցներ պաշտպանում էին թե՛ երկաթյա դուռը և թե՛ կրկնապարիսպը։ Այդ մարտկոցները գրավելուց հետո հեշտ էր առաջին պարիսպը փլել, որով քաղաքի պաշտպանությունը կարի կթուլանար։ Այդ պատճառով քաջերի մի հզոր խումբ գործում էր այստեղ։

Բայց մարտկոցների բարձրից տեղացած տարափը և նամանավանդ դյուրավառ նյութերի հրահոսանը թույլ չէին տալիս հայերին սանդուղքներ մոտեցնել։ Այդ պատճառով հարձակվողներին օգնության հասան հրձիգ գնդերը։ Նրանք գլխներին վահաններ բռնած և խռվի ու խոտի խրձիկներ գրկած` արագ-արագ անցան խրամի վրայից և պարիսպներին մոտենալով կրակեցին խուրձերը մարտկոցների առաջ: Դրանց հետևեցին փայտակիրները, որոնք մի քանի վայրկենում ահագին քանակությամբ փայտ ու խռիվ դիզելով կրակված խուրձերի վրա, մեծ հրդեհ բորբոքեցին թե՛ պարիսպների տակ և թե՛ մարտկոցների առաջ։

Բոցածավալ կրակի ջերմությունն ու ծուխը վանեցին մարտկոցների վրայից արաբացի զինվորներին։ Այն ժամանակ