Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատճառը հետևյալն էր։ Ոստիկանն ու Բեշիրը տեսնելով թե հայոց զորքերի մի մասը արագությամբ շուռ եկավ ու ընկավ արտաշատցոց վրա, իսկ մյուս մասն անշարժ սպասում է Դվնից ելնողներին, զգացին, որ նրանք գուշակել են արդեն իրանց դիտավորությունը, ուստի վտանգավոր համարեցին քաղաքի դռները բանալ և զորք հանել այդտեղից։

Իսկ Արտաշատու կողմը կռվողները տեսնելով, թե դվնեցիք իրանց խոստումը չեն կատարում, բավական երկար դիմադրելուց և բազմաթիվ զոհեր տալուց ետ, դիմադարձ եղան և սկսան դեպի քաղաքը փախչել։

Հայոց առաջնորդները հրամայեցին զորքերին խառնվել արաբացոց հետ և միջամուխ լինել քաղաքը։ Եվ որովհետև առաջին օրինակը Գոռն ու սեպուհը տվին, ուստի զորքն աներկյուղ խառնվեցավ թշնամու հետ։ Հագարացիք, որոնք իրանց գլուխները կորցրած՝ անձերնին փրկելու վրա էին մտածում, չկարողացան արգելք լինել ներս խուժող հայերին։ Եվ երբ բերդապահը փախչողներին ներս առած կարծելով` հրամայեց քաղաքի դռները գոցել, սարսափելով տեսավ, որ երկաթապատ փեղկերը ջախջախվել են արդեն հայերի ձեռքով և թե նրանցից շատերը նոր կոտորած են սկսել քաղաքի մեջ։

Հուսահատությունը տիրեց հագարացիներին, մանավանդ, երբ դեպի վեր նայելով տեսան, թե միջնաբերդի վրա ծածանում է արդեն հայոց հաղթական դրոշակը։ Ուրեմն փրկության վերջին ապավենն էլ գրավված էր։ Այդտեղ բարձրացել էր Գոռը յուր քաջերով։ Որովհետև հարձակվող հագարացոց թիվը բազմացնելու պատճառով միջնաբերդի զորքերը ևս միացել էին նրանց հետ, ուստի բերդը մնացել էր անպաշտպան։ Գոռն այդտեղի սակավաթիվ պահակները ջարդելով՝ գրավել էր բերդը և յուր գնդի դրոշը ցցել հինավուրց դղյակի ճակատին։

Արաբացիք իրանց կատարյալ պարտությունը տեսնելով՝ զինադուլ խնդրեցին։ Եվ որովհետև հայերը նույնպես հոգնել էին, ուստի անմիջապես կռիվը դադարեցրին և զինաթափ