Էջ:Muratsan, vol. 4.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ինչպես որ վայել է Հայոց արքայի պատգամավորին և քաջ Սպարապետի որդուն։ Մենք ուրեմն կդիմավորենք այդ գոռոզ թագավոիին, և եթե աստված հաջողե, կսովորեցնենք նրան Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծելու եղանակը։

Այնուհետև թագավորը հայտնեց սպարապետին յուր կամքը, որ էր ճանապարհվել շուտով դեպի Գուգարք և թույլ չտալ Բերին առաջանալ մինչև Վանանդ։

Մարզպետունի իշխանը, որ մինչ որդու վերադարձն արդեն կազմել ու պատրաստել էր զորքը, երբ իմացավ Գոռից, որ Ափխազաց հետ միացած են նաև մի քանի Կովկասյան ցեղեր, սուրհանդակ ուղարկեց Սյունյաց իշխաններին` շտապել իրենց զորքով դեպի Գուգարք։ Իսկ ինքը յուր բանակը չորս նորավոր մասի բաժանելով՝ առաջինը հանձնեց Աշոտ արքայորդուն, որ արդեն չափահաս երիտասարդ էր և ռազմական կրթություն ստացել էր իրենից, երկրորդը հանձնեց Գոռին. երրորդը՝ Վահրամ Սեպուհին, որ դեռ չէր դադարել ծերուհի սպարապետի համհարզը լինելուց, թեպետ տարիքով պակաս չէր նրանից, իսկ չորրորդին առաջնորդ եղավ ինքը։

Աբաս թագավորը չկամենալով միայնակ թողնել սպարապետին, ինքը ևս միացավ նրա հետ՝ յուր Ոստանիկ զորախմբով։

Սակայն Ափխազաց թագավորր, չնայելով յուր սպառնական պատասխանին և ունեցած զորությանը, մի քայլ անգամ չէր առաջացել դեպի հարավ։

նա դեռ բանակված էր Արտահանում։ Եվ որովհետև իմացել էր, որ Հայոց զորքերը ժողովվում են Վանանդ, ուստի չէր վստահանում նույնիսկ Կուրն անցնել, որպեսզի հանկարծ ընդդիմության չհանդիպի։ Նա սպասում էր դեռ տեսնել հակառակորդին, ծանոթանալ նրա զորության հետ և այնուհետև միայն յուր զորքերի շարժման եղանակը որոշել։

Մի քանի օրից հետո Հայոց բանակը մտավ Արտահան և սկսավ առաջանալ դեպի հյուսիս և հասնելով Ափխազաց գնդերին, բանակ դրավ նրանց հանդեպ, Կուր գետի ձախ ափին։

Գևորգ սպարապետը թեպետ ծեր էր և արքունիքում վարած խաղաղ կյանքի օրերում՝ զգում էր իրան ուժազուրկ, սակայն թշնամի Ափխազների բանակը տեսնելուն պես, կարծես