Էջ:Muratsan, vol. 4.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այդ կողմից էլ սպասում էին սպարապետի կողմից տրվելիք նշանին։

Իսկ Գևորգ Մարզպետունին վերցնելով յուր հետ հեծելազորը, անցել էր Կուրի հանդիպակաց ափը։ Եվ որպեսզի յուր անցքը Ափխազցիներից չնշմարվի, նա հեռացել էր բանակից մի քանի փարսախ և շրջան անելով` գետն անցել։

Երբ Արևելքն սկսավ շառագունել, սպարապետը հրամայեց զորքին` արագացնել յուր ընթացքը։

Այդ ժամանակ Ափխազաց բանակում հանգստություն էր տիրում։ Թագավորն ու իշխանները դեռ քնած էին, իսկ զորքի մեծ մասը վրաններում փակված։ Երբ լույսը բացվեցավ այնքան, որ կարելի էր գետի մյուս ափը նշմարել, պահակները տեսան, որ հայոց գնդերը շարեշար կանգնած են իրանց հանդեպ։ Այս մասին նրանք տեղեկացրին գնդապետներին, որից և իսկույն խլրտում ընկավ ափխազցիների մեջ։ Վերջիններս, արդարև, մտադիր էին այդ օրն ևեթ իրենց հարձակումն սկսել. բայց այդքան վաղ կռվելու վրա նրանք չէին մտածել։ Զորապետը երկյուղ կրելով դարանակալ հարձակումից, հրամայեց զորքին զենքի դիմել իսկույն։

Բայց նրանք դեռ այդ պատրաստության մեջ էին, երբ Հայոց հեծելազորը, ինչպես հանկարծահաս մի փոթորիկ, որոտաձայն աղաղակով ընկավ նրանց վրա։

Ափխազցիք շփոթվելով դուրս թափվեցան վրաններից, խառնվեցան իրար և աշխատում էին ճակատ կազմել. բայց իզուր։ Նրանցից շատերը դեռ անզեն էին, ոմանք կիսամերկ և քչերը միայն զինավառյալ։ Բացի այդ, զորքերի մի մասը խմբվում էր, իսկ մյուսը ցրվում, ըստ որում հայերը հարվածում էին սաստկությամբ` թույլ չտալով, որ նրանք միանան իրար հետ։ Վրա հասնող իշխանների և մանավանդ զորապետների ձայներն ու խրախույսը ոգի տվին մի փոքր շփոթված զորականին և նրանք կարգի գալով` ճակատ կազմեցին։ Հետզհետե հասան և նոր զինված խմբեր, որոնք միացան առաջիններին և սկսան քաջաբար դիմադրել հայերին։ Այսուամենայնիվ, վերջինների թափն այնքան զորավոր էր, որ ափխազցիք, չնայելով, որ կռվում էին հերոսաբար, բանակատեղը պաշտպանել