Էջ:Muratsan, vol. 4.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չկարողացան։ Հայերը նրանց դուրս քշեցին պատնեշներից և կռիվը բորբոքեցին բաց դաշտի վրա։

Այդ ժամանակ ահա երևաց Բեր թագավորը շրջապատված հսկայակերպ թիկնապահներով և սկսավ խրախույս կարդալ յուր զորականին։ Վերջինս թեպետ բավական վերջոտնել էր, սակայն ոգի առավ թագավորի ձայնից և սկսավ նոր ուժով խիզախել թշնամու դեմ։

Բայց որովհետև հայերը մղել էին նրանց դեպի Կուրի ափը, որպեսզի իրանց նետաձիգներին մոտեցնեին, ուստի հենց այդ վայրկենին էլ հայ հետևակները սկսան իրենց նետերը տեղալ և այն՝ այնպես սաստիկ, որ ափխազցիք մի վայրկյան մնացին շվարած։ Նրանք չգիտեին հեծելազորի՞ հետ կռվեն, թե՞ նետաձիգների դեմ պաշտպանվեն, որոնք ժամանակ չէին տալիս իրանց, մինչև անգամ, վահանափակ կազմելու։

Վերջապես, չնայելով իրանց հերոսական դիմադրության, ափխազցիք տեսան որ չպիտի կարողանան ետ մղել հայերին, և մանավանդ թե՝ երկար դիմադրելու երկու կողմի հարձակման, ուստի ձգեցին ճակատը և սկսան փախչել։ Ոչ թագավորի հրամանները և ոչ զորապետի խրախույսը այլևս չկարացին ետ դարձնել զորականին, որին հալածում էր թշնամու բերած սարսափը։

Հայերն աղաղակելով ընկան նրանց ետևից։ Այդ տեսնելով մյուս ափի հետևակները, խուժեցին դեպի գետի ծանծաղուտը, որի ջուրը նվազ էր, և հանդիպակաց ափը ելնելով սկսան իրանք ևս հալածել փախչողներին։

Թշնամուն բավական հեռու քշելուց և նրա գնդերը ցիրուցան անելուց հետո` հայերը վերադարձան, ժողովելով ափխազցիների կապուտն ու կողոպուտը և հաղթանակով իրենց բանակը մտան։

Նույն օրը սպարապետը սուրհանդակ ղրկեց Սյունիք, որպեսզի այս հաղթության լուրը Սիսական իշխաններին հաղորդելով միևնույն ժամանակ հայտնե նրանց՝ զորքերն իզուր տեղը չհանել Սյունիքից։ Բայց սուրհանդակն այդ զորքերին հանդիպեց ճանապարհի վրա, հենց Արտահանի սահմանի մոտ։ Սահակ և Բաբգեն իշխանները, որոնք իրանց երախտապարտ