Էջ:Muratsan, vol. 4.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամենալով իրենց ուժերը ժողովել մյուս ափի վրա։ Այդ պատճառով նրանք ճակատը ձգելով գունդագունդ դեպի գետը խուժեցին։ Բայց հայերը նրանց միջոց չտտվին փախչելու։

Շարունակելով իրանց ջարդը, նրանք հետամուտ եղան ափխազներին` նույնիսկ մինչև գետի ալիքները, և սրից ազատվածներին սկսան խեղդել ջրերի մեջ։ Գետափը դիակներով ծածկվեցավ, իսկ Կուրի ջուրը արյան գույն առավ։

Բեր թագավորը, որ դեռ մի խումբ քաջերի գլուխ անցած կռվում էր կատաղությամբ, տեսնելով յուր զորքի տկարանալն ու վերջոտնելը, ինքը ևս որոշեց փախուստ տալ ճակատից, որովհետև համառելն այլևս անօգուտ էր. բայց նրան շրջապատեց Վահրամ սեպուհի գունդը։

Տեսնելով սպառնացող վտանգը, Բերը մռնչաց ինչպես առյուծ և ահագին սուրը տատանելով` սկսավ հարվածել աջ ու ձախ և ճանապարհ բանալ յուր համար։ Նրան հետևեցին յուր հուժկու թիկնապահները։ Բայց շրջապատողները Վանանդացիք էին, հսկայակերպ ու կատաղի, իսկ նրանց հրամայողը Վահրամ սեպուհը, այդ պատճառով Բերը հառաջել չկարողացավ։

Սկսավ կատաղի դիմամարտ։ Սրերը փայլում և հարվածում էին, նիզակները ճոճում ու շամփրում, ընկած քաջերին հաջորդում էին քաջագույնները. և սակայն Ափխազաց թագավորը դեռ կանգուն էր իբրև քարաժայռ։ Փոքր մի ևս և նա պիտի պատռեր վանանդացիների շղթան...։ Բայց հենց այդ միջոցին որոտընդոստ թափով վրա իջավ Վահրամ Սեպուհի լախտը և հսկա թագավորին ամեհի ձիու վրայից գլորեց գետին։

Բերը նորից վեր թռավ, փորձ փորձեց յուր նժույգն աշտանակել, բայց շրջապատող քաջերը բռնեցին նրան, կապտեցին ահավոր սուրը և քաշ արին իրան դեպի վրանափակը։ Նրա բախտին հանդիպեցին նաև նրա թիկնապահները։

Թագավորի գերվիլն իբրև շանթ հարվածեց մնացորդ ափխազցիներին: Առանց այլևս հապաղելու կամ դիմադրել փորձելու, ձգեցին նրանք կռվի ճակատը և ցրվեցան աջ ու ձախ, աշխատելով մի վայրկյան առաջ ազատել իրանց կյանքը վրեժխնդիր թշնամու սրից։