Էջ:Muratsan, vol. 4.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամարներ՝ դալար ոստերից հյուսված և ծաղիկներով ու նշաններով զարդարված: Փողոցների մեջ և հրապարակների շուրջը պատրաստել էին խարույկներ՝ գիշերային լուսավառության համար։ Իսկ անցուդարձի ճանապարհները լցվել էին ժողովրդով, շարժումը մեծացել էր և շշուկն ու ժխորը տիրեց ամեն տեղ։ Տանիքների պատշգամների և դեպի փողոցները բացվող պատուհանների վրա խռնվել էին կանայք ու աղջկերք, որոնք դրսում պտտվելու սովորություն չունեին և հետաքրքիր աչքերով ու անհամբերությամբ նայում էին դեպի հեռավոր շրջակաները։

Դրանք բոլորն էլ պատրաստվել էին մի փառավոր և հայ մարդու սրտին ուրախություն բերող դեպքի հանդիսատես լինելու։ -Դա Աբաս արքայի և յուր քաջերի զորաց հաղթական վերադարձն էր։

Կարսի ժողովրդյան մեծագույն մասը քաղաքից ելնելով՝ գունդագունդ դիմում էր դեպի Արքունական պողոտան՝ ժամ առաջ ողջունելու հաղթողների վերադարձը։ Շատերն էլ խմբվել էին քաղաքից դուրս գտնվող պատնեշների շուրջը և կամ բարձրացել հանդիպակաց բլուրների վրա՝ անցնող զորահանդեսը ավելի լավ դիտելու համար։

Հայոց հաղթության և Ափխազաց թագավորի ու նրա իշխանների գերվելու լուրը հասել էր քաղաք երկու օր առաջ և ամենքին լցրել ուրախությամբ, ամենքի մեջ վառել հետաքրքրություն մի վայրկյան առաջ տեսնելու այն ամբարտավան թագավորին, որ սպառնացել էր՝ մտնել Կարս և Արքայաշեն եկեղեցին վրաց ծեսով օծել։

Այժմ ահա նա գալիս էր։ Պետք էր, ուրեմն, տեսնել թե ի՞նչ եղանակով է նա մտնում քաղաք. արդյո՞ք իբր թագավոր, թե իբրե գերի... Պետք էր տեսնել թե՝ ի՞նչ պատկեր ունի նա, ի՞նչ հասակ, ի՞նչ դեմք, ի՞նչ հայացք... Չէ՞ որ այս ամենը ժողովրդի հետաքրքրությունը գրգռող բաներ էին։

Եվ ահա, վերջապես, լսվեցան գալարափողերի ձայները և երևաց հառաջապահ գնդերի դրոշակը։ Ժողովուրդը, կարծես, մի աներևույթ զորությունից մղված՝ միահամուռ կերպով հորդան տվավ առաջ և ուրախության աղաղակներով օդը թնդացրեց։ Հետզհետե երևացին և հետևակ խմբերը, ապա և