Էջ:Muratsan, vol. 4.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույնպես ուրախ չէր յուր սիրտը. հայոց թագավորը նահատակված, իշխաններն անմիաբան, արքայորդին անօգնական, ինքը վիրավոր... հարկավ, ուրախ լինել չէր կարող։ Բայց Գարդմանն այդ ժամանակ հույս ու հոգի էր ներշնչում մոտեցողին. Սահակ Սևադան հսկում էր այդտեղ` ինչպես մի հզոր առյուծ, նրա համբավը ահաբեկում էր թշնամիներին և խրախուսում լքվածների սիրտը։ Իսկ ա՞յժմ... այժմ կարծես թե ամրոցը սուգ էր մտել և նրա արտաքին պատկերը ոչ թե զորություն, այլ լքումն ու հուսահատություն էր արտահայտում։

Օրը տարաժամել էր։ Չնայելով որ իշխանի նժույգը հոգնած, և ճանապարհը զառիվայր էր, այսուամենայնիվ նա շտապեցնում էր խեղճ կենդանուն, որպեսզի ամրոց հասնեն մի քանի վայրկյան առաջ։

Չնայելով իշխանի այդ ջանքերին, բայց դեռ ամրոցի ստորոտին չհասած, նա լսեց, որ միջնաբերդից փողը փչեցին։ Այդ արդեն ամրոցի դռները փակելու նշանն էր։ Ուրեմն էլ շտապելու հարկ չէր մնում։ -«Անիծյալնե՛ր, ի՞նչ դռնփակի ժամանակ է...»,-քրթմնջաց ինքն իրան իշխանը, և ձիու սանձը ձգեց։ Կենդանին կարծես զգաց, որ տիրոջ եռանդը մարեց, ուստի ինքն էլ իր ծանր քայլափոխն սկսավ։

Դղյակում արդեն ճրագները վառել էին, երբ իշխանը հասավ ամրոցի դռանը, որ գտնվում էր արևմտյան կողմից բարձրացող երկու աշտարակների մեջտեղը։

Իջնելով ձիուց, նա մոտեցավ աշտարակի դրսի պահարանին և վերցնելով այդտեղ պահվող փայտե մեծ մուրճը, երեք անգամ ամուր զարկեց պատի վրա ամրացրած տախտակե կոչնակին։

-Ո՞վ է,-խռպոտ ձայնով հարցրեց մի պահապան։ Իշխանը վարանեց պատասխանելու, որովհետև չէր մտածել, թե ի՛նչ անուն պիտի տա իրան։

-Ո՞վ է կոչ անողը,-հարցրեց կրկին պահապանը փոքր ինչ զայրացած և այս անգամ աշտարակի նեղ պատուհանից դուրս հանեց իր ահագին գլուխը։

-Արքայի բանբերը...-պատասխանեց իշխանը, առանց մտածելու։

-Արքայի բանբերը չի կարող մտնել մեր ամրոցը,-