Էջ:Muratsan, vol. 5.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրհնում եմ աստծուն, որ արժանի արավ ինձ քեզ հայր լինելու, օրհնում եմ այն օրը երբ դու ծնվեցար. օրհնում եմ այն ժամը, երբ դու շունչ առիր։ Դու, այո, պատիվ բերիր քո հորը և փառք՝ քո ազգին, թող օրհնեն քեզ, ուրեմն, բոլոր հայ բերանները. և նրանց օրհնությունը ամրացնե քո սիրտը, արիացնե հոգիդ աներկյուղ մահվան առաջ դիմելու։ Մի օր ծնվել ես, մի օր պիտի մեռնեիր. այս կախաղանը չի պիտի զարհուրեցնե քեզ. դիմիր դեպի նրան քաջությամբ և մեռիր անտրտունջ, որպեսզի փառավորես քո ազգի և եկեղեցվո անունը և դասակից լինիս այն սուրբերին, որոց պատմությունը հաճախ կարդում էիր մեր առաջ...։

— Անպիտան ծերուկ, դու դեպի բարին հորդորելու փոխարեն, հակառա՞կն ես գործում.— գոռաց հանկարծ վերակացուն, որին հասկացրել էին ծերունու խոսածները, և դառնալով դահճապետին՝ հրամայեց իսկույն բաժանել հորն ու որդուն, որոնք գրկախառնված՝ հրաժեշտի համբույր էին տալիս միմյանց։

Դահճապետը կատարեց վերակացուի հրամանը և երեցին նորից հանեց փայտակերտի վրա։

— Այժմ արդեն պատրաստ եմ, արե՛ք ինձ հետ ինչ որ հրամայված է ձեզ,— գոչեց երեցն հանդիսավոր և գոտին լուծելով՝ սկսավ մերկանալ։

— Մի վայրկյան ևս, և մահը կմոտենա քեզ. խելոք եղիր և ապրիր...— այս խոսքերով նորեն առաջացավ կրոնապետը և սկսավ հորդոր կարդալ երեցին։

Վերջինս չէր պատասխանում։

— Առայժմ մեծ գործ չունիս կատարելու, շարունակեց կրոնապետը,— բարձր ձայնով ասա. «լա իլլահ յուլ ալլահ, Մուհամմեդ ռեսուլ ալլահ...» և ամեն ինչ կվերջանա։

Երեցը լուռ էր։

— Կրկնիր այս խոսքը երեք անգամ, բայց կրկնիր անկեղծորեն և դու կապրես,— պնդեց կրոնապետը։

Երեցը դարձուց երեսը կրոնապետից և ձեռքերը երկինք ամբառնալով՝ սկսավ բարձրաձայն սուրբ հանգանակը