Էջ:Muratsan, vol. 5.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա

Օգոստոսի սիրուն առավոտներից մինն էր, երբ ես ու ընկերս, կանխավ արած մեր որոշման համաձայն, դուրս եկանք քաղաքից ձիով՝ հայրենի գավառակի գյուղերը պտտելու և մի քանի ավերակներ անձամբ տեսնելու։

Մենք պատկանում էինք «տուն վերադարձող» այն նորեկների թվին, որոնք ընտանիքի հացը հայթայթելու համար ստիպված են լինում տարիներով ապրել մեծ քաղաքում, ծծել միշտ նրա անառողջ օդը, սնվել ավելի փոշիով, քան թե կերակրով և հետևապես կարոտիլ այնպիսի բարիքների, որ բնության մեջ ապրող մարդը վայելում է առատորեն, առանց, սակայն, նրանց արժեքը գնահատել կարենալու։

Ի՞նչ բան է, օրինակ, մաքուր օդը, դաշտի կանաչը, հովտի առվակը, անտառի զովը... մի՞թե կարելի է կարոտիլ դրանց, կամ ցանկացած ժամին չվայելել։ Լեռնցի գեղջուկը, որ կարիք բառը հասկանում է միայն նյութականի վերաբերմամբ, անշուշտ կծիծաղեր, եթե իմանար թե՝ մեր զրկանքը կազմում է այդ շնչին, հազիվ երբեմն յուր կարիքը լցուցանող բաները։

Բայց ով տարիներով ապրել է մեծ քաղաքում, միշտ միևնույն նեղ փողոցի վրա, նույն ապականված մթնոլորտի մեջ և գործել շարունակ լույսից ու օդից զուրկ մի գրասենյակում, որի բոլոր հրապույրը կազմում են եղել չոր հաշվեմատյանները, երկաթե պահարանը և անմիտ համրիչը, իրեր, որոնք առնչություն ունին միայն փողի և հաշվի հետ, բայց