Էջ:Muratsan, vol. 5.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկության համար ստեղծել մի մեծ բարիք։ Այս է, ահա, պատճառը, որ համբերությունը համարվում է առաքինություն, և բարոյախոսներից մինը, մինչև անգամ, ավելի մեծ փառք է համարում մարդու համար մեծամեծ նեղությանց համբերելը, քան մեծ գործեր կատարելը։

— Այդ գուցե այդպես է, բայց երբ արևն այրում է, հո կարելի է նրա դեմ տրտնջալ։ Չէ՞ որ տրտունջը թեթևացնում է մարդու նեղությունը։

— Ընդհակառակը, պետք է սովորել երբեք և ոչ մի բանի դեմ չտրտնջալ, այլ դրա փոխարեն աշխատել նեղության պատճառը մեջտեղից հեռացնել։ Ծույլ ու անզոր մարդը ճանճի շիթելու դեմ էլ է տրտնջում, փոխանակ լռությամբ ձեռքը բարձրացնելու և նրան քշելու։

— Ճանճը կարելի է քշել, արևը ո՞րտեղ քշենք։

— Այդ դեպքում էլ արևը քշելու փոխարեն քո ձին պետք է քշես և մի կես ժամ առաջ հասնես տուն համբերատար և գործունյա մարդու համար միշտ փրկության ճանապարհ կա։

Ընկերս լուռ էր։ Չգիտեմ՝ համաձայնե՞ց ինձ հետ, թե չկամեցավ անզոր երևալ իմ աչքում։ Այնուամենայնիվ, ոչ մի նոր առարկություն չանելով շարունակեց ճանապարհը, առանց այլևս տրտնջալու արևի դեմ, որ այրում էր մեզ, արդարև, անողորմաբար:

Քիչ Ժամանակից հետո մենք գյուղը հասանք և ուղղակի դիմեցինք ընկերոջս ազգական գյուղացու տունը։ Վերջինի հովանավոր սրահը և հյուրընկալի քաղցր ընդունելությունը շուտով մոռացրին մեզ ճանապարհի շոգից կրած մեր նեղությունը։

Բ

Հետևյալ օրը, նախաճաշ անելուց հետո, դուրս եկանք տանից՝ գյուղն ու նրա շրջակաները դիտելու: Հարկ չկա ասել, որ ամենից առաջ այցելեցինք գյուղի եկեղեցին, որ գտնվում էր շինություններից դուրս, մի առանձնացած բլրակի լանջի վրա որտեղից բացվում էր մեր առաջ թե՛ գյուղի