Էջ:Muratsan, vol. 5.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հենց, ա՛յ, ծառերից դենը. կտուրն ըստիան էրևում ա,— ցույց տվավ գյուղացին։

— Ի դեպ, այդ Վեդունց Սարգսից մի հարցնենք՝ թե ինչո՞ւ է քահանային արգիլել յուր որդիքը ուսման ղրկելու, — խոսեց Պետրոսը։

— Անշուշտ կհարցնենք, երևի մի պատճառ է ունեցել, բայց նախ հանգստանանք այս սիրուն ծառերի տակ,— հարեցի ես։

— Լավ կըլի, գնացեք. էդ ծառերի տակը որ նստեք, կմխիթարվեք. ես էլ մի մեր գյումովն (գոմովն) ընցնեմ, էլ շուտ եդ կգամ տուն,— ասաց հյուրընկալը։

— Դու, ուրեմն, չե՞ս գալիս մեզ հետ,— հարցրեց ընկերս։

— Չէ, ձեզ մատաղ, էս անգամ դուք մենակ գնացեք, պատասխանեց գյուղացին և ճանապարհը ծռեց։

Ըստ երևույթին, նա չկամեցավ ընկերանալ մեզ, վախենալով թե՝ մի՛ գուցե Պետրոսը դարձյալ յուր անտակտ հարցուփորձով ամաչեցնե իրեն Վեդունց Սարգսի առաջ, որի ով լինելը, սակայն, մենք չգիտեինք։

Երբ այս մասին իմ կարծիքը հայտնեցի Պետրոսին, նա ուսերը թոթվելով ասաց.

— Շատ կարելի է... բայց և այնպես, նա ինչո՞ւ պիտի ամաչի, եթե ես, մինչև անգամ, շատ հիմար բաներ խոսեմ:

— Կամաչի նրա համար, որ դու յուր հյուրն ես։ Չե՞ս լսել հայկական առածը թե «գիժը չի ամաչիլ, գժի տերը կամաչի»։

Պետրոսը հառեց աչքերը վրաս, կարծես կամենալով հարցնել թե՝ մի՞թե ինքը այնքան անմտաբար է խոսում, որ ամաչեցնում է նույնիսկ մի հյուրընկալ գյուղացու։

— Այդպես է, բարեկամ, — շարունակեցի ես,— անհամբերությունը վնասում է ամենքին, իսկ քեզ առավել ևս։ Խորհուրդ եմ տալիս չշտապել երբեք կարծիքներ հայտնելու, եթե գիտես դրա համար ժամանակ ունիս դեռ։ Հին փիլիսոփաների պատվերը «քիչ խոսիր և շատ չսիր», ամենից ավելի դու պիտի կատարես։

— Այս անգամ պիտի աշխատեմ բոլորովին չխոսել,