Էջ:Muratsan, vol. 5.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


շունչ առնեմ, ես հոգնած եմ. բոլոր ճանապարհը անցել եմ խորասուզված, մտածողության և հոգեկան վրդովմունքների մեջ... Օ՜հ, աստված իմ։ Ինչո՞ւ աշխարհը լցրել ես ունայնությամբ, ինչո՞ւ երջանկությունը դարձել է փախստական, կամ ճիշտն ասած՝ աներևույթ մի գաղափար...

Այս ասելով պ. Սեղբոսյանը հանեց թաշկինակը, սրբեց քրտնաթոր դեմքն ու ճակատը և ապա մեջքը թիկնաթոռին հենելով՝ շարունակեց.

— Երբեք չէի կարծիլ թե՝ վիշտը կարող է մարդկային հոգին այդպես այլանդակել... թե նա կարող է սրտեր քարացնել, զգացմունքներ մեռցնել... բայց, nil admirari![1] չի պիտի զարմանանք, ամեն բան կարող է պատահել աշխարհում։

— Ի՞նչ է պատահել, չե՞ս կարող ասել,— հարցրի ես անհամբերությամբ։

— Ինչո՞ւ չէ, բայց թող որ շունչ առնեմ... և դու սովորիր մի քիչ համբերել. Rien ne sert de courir[2]. Ես լռեցի։ Մի քանի րոպեից ետ պ. Սեղբոսյանը շարունակեց.

— Ճիշտ որ աշխարհում չկա ոչինչ հաստատուն, ամեն ինչ անցողական է. ծառերը չորանում, ծաղիկները թառամում ծնվածները մեռնում են։ Ավա՜ղ բնության օրենքն է այդ tout passe, tout casse, tout lasse[3] ... Բայց ինչո՞ւ արդյոք առաքինին՝ մոլի, ազնիվը՝ անարգ և ազգասերը՝ ազգատյաց է դառնում, դա անբնական փոփոխություն է։ Նյութապես հարուստը կարող է աղքատանալ, իսկ բարոյապես հարուստը ինչո՞ւ պիտի յուր գույքը կորցնե...։

— Ո՞ւմ մասին է խոսքդ,— ընդհատեցի ես։

— Պարոն Մարջանյանի. ճանաչո՞ւմ ես դու նրան։

— Ինչպե՞ս չէ. նա մեր հայտնի ազգասերն է, ո՞վ չի ճանաչիլ նրան,— պատասխանեցի ես։

— Հա՛, ուրեմն ամենքն են ճանաչում։ Ութսունական թվականներին, հիշում եմ, նա մեր նշանավոր գործիչներից

  1. Մի՛ զարմանար։
  2. Շտապելով ոչինչ չես առաջացնիլ։
  3. Ամեն ինչ անցնում, ամեն ինչ բեկանվում, ամեն ինչ թուլանում է։