Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օ՜, եթե միայն այդքանով բանը վերջանար... Բայց եթե դուք չկարողանայիք թողնել այդ կնոջը, եթե չկարողանայիք չսիրել նրան. եթե իբր դժոխք տանջեր ձեզ այն միտքը՝ թե նա այլևս ձերը չէ ...

— Ի՞նչ, ուրեմն ձեր կարծիքով, ավելի լավ է որ մարդ խաբված մնա և շարունակ հավատա թե ինքը երջանի՞կ է,— հարցրեց մի ուրիշը։

— Անշուշտ,— հարեց կառավարիչը։— ճշմարիտ սերը այնքան է նվազ աշխարհում, որ եթե կեղծիքների մեծ մասը ճշմարտության տեղ չընդունենք, այն ժամանակ կյանքը դժոխք կդառնա մեզ համար։

— Բայց ախր ի՞նչ խելք է, որ մարդ գիտենա թե՝ իրեն չեն սիրում և միևնույն ժամանակ հավատա թե՝ սիրում են։

— Հենց բանն էլ նրանումն է, որ չիպիտի գիտենաս թե՝ չեն սիրում։ Խաբված լինելու մեջ, ճիշտ է, չկա ճշմարտություն, բայց կա անդորրություն։ Եթե ես խորհուրդ եմ տալիս ձեզ՝ չհետաքրքրվել գաղտնիքներով, այդ նրա համար է, որ դուք հաճախակի ճշմարտության չհանդիպեք և ձեր սրտի անդորրությունը իզուր չկորցնեք։ Մարդիկ միշտ շատ են տուժում, երբ զրկվում են հոգվո հանգստությունից։ Եթե աստված արգելեց Ադամին ու Եվային՝ ուտել «բարվո և չարի գիտության» ծառի պտղից, այդ, անշուշտ, նրա համար էր, որ նախամարդոց աչքերը չբացվեին և նրանք իրենց մերկությունը չտեսնեին։ Այդ մերկությանը ինչ անուն ուզում եք տվեք. կուզեք մտքի կամ հոգվո աղքատություն ասացեք, կուզեք կյանքի դատարկություն։ Այսքանը կա, որ այսօր էլ աշխարհը լիքն է այնպիսիներով, որոնք կցանկանային հավիտյան կուրանալ, միայն թե երբեք իրենց մերկությանը չտեսնեին։ Իսկ այդ մերկությունը ցույց է տալիս մեզ ճշմարտությունը, որին հանդիպում ենք գաղտնիքներ քրքրելու ժամանակ։

— Ես դեռ իմ կյանքում չեմ պատահել մի մարդու, որ զղջացած լիներ որևէ ճշմարտություն իմացած լինելուն համար,— նկատեց խոսակիցներից մինը։

— Ես նույնպես,— հարեց մի ուրիշը:

— Ես ևս — ձայն տվավ երրորդը։