Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդնմին թե՝ պատահմամբ անցնում էր այդտեղից և ներս եկավ իսկապես ինձ ողջունելու համար։

Ես, իհարկե, շնորհակալություն արի, և որովհետև նրա a.b.c.-ն արդեն պահարանումն էր, ուստի հանելով հանձնեցի իրեն, և դրա հետ միասին, ըստ իմ սովորության, հառեցի հայացքս Շուբինի աչքերին։ Երիտասարդը, կարծես, շփոթվեց իմ հայացքից, և խոսքը գրեթե կիսատ թողնելով, նամակն արագությամբ ձեռքիցս առավ և «ցտեսություն» ասելով՝ իսկույն շուռ եկավ։

Այս մի տարօրինակ վարմունք էր։ Ինձ ողջունելու համար ներս եկած բարեկամը ինչո՞ւ այդպես շուտ ինձանից պիտի փախչեր։ Բացի այդ, երբ Շուբինը դռան մոտ հասնելով՝ կամենում էր գլխարկը ծածկել, վայր ձգեց նամակը՝ դարձյալ շփոթվելով։ Նա խոնարհեց վերցնելու և միևնույն ժամանակ մի գողունի հայացք ձգեց վրաս՝ տեսնելու համար թե՝ դեռ նայո՞ւմ եմ յուր վրա թե ոչ։ Ես, իհարկե, նայում էի։ Նա այդ նկատեց և նամակը վերցնելով՝ մի ակնթարթում հեռացավ։

Զարմանալի է, մտածեցի ինքս ինձ, դերասանին, իսկապես, անծանոթ պիտի լինի ամոթխածությունը։ Մի մարդ, որ հազարավորների առաջ միօրինակ համարձակությամբ խաղում էր թե՛ առաքինի մարդու և թե՛ ավազակի դերեր, չի պիտի ճնշվի որևէ ծածկագիր նամակ ստանալուց։ Եվ սակայն այս մարդը չէր իշխում ուղղակի նայել իմ երեսին, ի՞նչ է սրա պատճառը։

Այսպես մտածելով ես գալիս էի այն եզրակացության թե՝ ուրեմն ամոթի զգացումն ունին բոլոր նրանք, որոնք բարի գործը հանցանքից զատելու չափ ըմբռնումն ունին։ Բեմի վրա խաղալը, հարկավ հանցանք չէ, ուստի Շուբինը չէ քաշվում դրանից։ Բայց շահագործել, օրինակ, սերը մի կնոջ, որ իրեն չէ պատկանում, ծանր հանցանք է, և այդպիսի գործից նա պիտի ամաչե։ Եվ որովհետև a.b.c. հասցեով նամակ ստանալուց արդեն քաշվում է, պարզ է ուրեմն, որ նա գործում է մի հանցանք և դրա համար էլ ամոթի զգացումը թույլ չի տալիս իրեն՝ անձամբ գալ ինձ մոտ և յուր գիրն ստանալ։

Բայց թե իսկապես ի՞նչ էր նրա հանցանքի էությունը,այդ հարցն ինձ համար մնաց անլուծելի։