Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի անգամ ամուսինս հայտնեց, թե հրավիրված է յուր քեռու տունը, որն ապրում էր քաղաքի հեռավոր մի արվարձանում և որի հետ վաղուց խռով էի ես։ Չնայելով իմ հակակրության, որ տածում էի դեպի կնոջս այդ ազգականը, ես, այսուամենայնիվ, չէի արգելում Յուլիային այցելել նրան, կամ պահպանել քեռու հետ բարի հարաբերություններ։ Այս պատճառով էլ, իհարկե, առանց դժվարության հաշտվեցի այն մտքի հետ, թե ամբողջ մի օր չպիտի տեսնեմ Յուլիային, կամ պիտի ճաշեմ առանց նրա ընկերության։

Երբ եկա ծառայության, ընկերներիցս մինը իմ վիճակն իմանալով, հայտնեց թե՝ ինքն էլ ստիպված է այդ օրը ճաշել միայնակ, որովհետև կինը հրավիրված է պիկնիկի։

— Արի, ուրեմն միասին կրենք մեր զրկանքը,— ասացի ես,— գնանք ճաշենք քաղաքից դուրս, այգիներից մինում։

— Դրանից լավ բան չէիր կարող առաջարկել, գնանք,— համաձայնվեց ընկերս։

— Մենք որոշեցինք ժամ առաջ վերջացնել գլխավոր գործերնիս և երկրորդականը մեր օգնականներին թողնելով խույս տալ փոստատնից, որպեսզի այգիների մաքուր ու թարմ օդից օգտվենք ավելի։

Նամակները զատելու ժամանակ դարձյալ լույս ընկավa.b.c.- հասցեով մի ծրար, որը չվստահանալով թողնել օգնականիս, ծոցս դրի իսկույն, որպեսզի Շուբինի տան մոտից անցնելուց՝ զանգը քաշեմ և հանձն եմ իրեն։ Բայց երբ դուրս եկանք փողոց և առաջին պատահած կառքը բարձրացանք, էլ մոռացա թե հետս նամակ ունիմ վերցրած, ուստի առանց կանգ առնելու դեպի այգիները սլացանք։

Այստեղ, իհարկե, ամեն բան լավ էր․ և օդը, և ծառերը, և՛ թուփերի տակ կարկաչող առուն։ Բայց ամենի գլուխ գործոցը եղավ մեր սեղանը, որ բացվեցավ հովանավոր ակացենու տակ և ընկերոջս տված պատվերի համաձայն՝ ծածկվեցավ շուտով ընտիր ակրատով (զակուսկա) և ապա համեղ կերակուրներով ու սառը գինու շշերով։

Մենք կերանք, խմեցինք որքան կարող էինք և շուտով համոզվեցանք, որ քեֆն ավելի լավ է քան թե ծառայությունը։