Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցավեց և կինը։ Նա ամուսնու սիրույն նվերներ բաժանեց— և իմ թանկագին ժապավենի բերանով հռչակվեց «Անմխիթար»: Թաղումը վերջացավ։ Բայց հենց այն վայրկյանին, որ կախում էին ինձ այս եկեղեցու վերնատանը, այրին յուր առանձնարանում գրկած էր սիրահարին և «մխիթարվում էր» նրա համբույրներով...։

Ես ոչինչ այլևս չկարողացա լսել. բացի շտապով եկեղեցու դուռը և դուրս փախա այդտեղից։

Լուսարարը լռեց և աչքերը բժշկին հառած սպասում էր թե ի՞նչ պիտի ասե նա։

Բայց վերջինս, որ շատ էր հետաքրքրվել այս տարօրինակ պատմությամբ, դեռ սպասում էր շարունակության, ուստի հարցրեց.

— Հետո ի՞նչ պատահեց։

— Հետո ես լսեցի թե ինչպես պսակները ողբում էին ու բողոքում, որ պիտի մնան եկեղեցում։

— Վե՞րջը։

— Վերջը այն եղավ, որ ես շտապեցի տուն։ Տեսիլը, իրավ է, չքացել էր աչքիցս, բայց ես ամբողջ օր նրա վրա մտածեցի, թեպետ ոչ ոքի ոչինչ չհայտնեցի։ Հետևյալ առավոտ երբ ներս մտա եկեղեցի, պսակները չերևացին։ Բայց հենց որ մոտեցա լույս առնելու կանթեղից՝ որպեսզի մոմերը վառեմ, դարձյալ լսեցի բողոքող ձայներ, որոնք հարցնում էին.

— Ծառա աստուծո, ինչո՞ւ չես հանում մեզ այստեղից և փողոցում ջախջախում, ինչո՞ւ ես թողնում, որ աստուծո տունը պղծվի...։

Ես, իհարկե, գործս թողեցի կիսատ և դուրս փախա։ Իմ պաշտոնը կատարեց ժամահարը։

Իսկ այսօր առավոտ, երբ նույն ձայները կրկնվեցան, ես փակեցի եկեղեցին և գնացի ուղղակի առաջնորդի մոտ: Այնուհետև պատմությունը արդեն հայտնի է ձեզ։

Բժիշկը մի փոքր մտածելուց ետ հայտնեց՝ որ լուսարարը երկար Ժամանակ այդ մտքերով ապրելով, կամ նրանցով հափշտակվելով՝ ենթարկվել է վերջապես զգայարանաց պատրանքի, այն է հալյուսինասիոնի, ուստի և խորհուրդ տվավ