Էջ:Muratsan, vol. 5.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


համար... մոռացա և քեզ և քո դատն ու դատաստանը և տված խոսքս։ Դու հո չե՞ս մեղադրում ինձ այսպես անկեղծորեն խոսելուս համար...

— Ո՜չ, ո՜չ, շարունակեցեք։

— Ես ինքս ուղևոր եմ,— ասացի, — առանձին կառք ունիմ և կարող եմ ձեզ վերցնել ինձ հետ։

— Ա՜հ, իչքա՜ն բարի եք, պարոն,— բացականչեց գեղեցկուհին և փափուկ, սպիտակ ձեռքը, որ, չգիտեմ ինչու, ազատ էր ձեռնոցից, պարզեց ինձ շնորհակալ լինելու համար։

Ես սեղմեցի այդ հրաշալի ձեռքը և, ասես թե, Մահմեդի դրախտը մտա։

— Հետ՞ո, հետ՞ո,— անհանգստությամբ հարցրեց փաստաբանը։

— Հետո նա հարցրեց ինձ թե՝ արդյոք չե՞մ կարող իսկույն ևեթ ճանապարհվել, որովհետև ինքը իբր թե, շտապում էր։— Ինչո՞ւ չէ, թեկուզ այս րոպեին, պատասխանեցի ես, և հրամայեցի կառքը լծել։ Մի քառորդ, ժամից մենք արդեն սլանում էինք Վերայի կամուրջով։

— Բայց ո՞վ էր այդ գեղեցկուհին,— ասացեք վերջապես։

— Այդ գեղեցկուհի՞ն։

— Այո՜։

— Ես խոսք եմ տվել չարտասանել նրա անունը ոչ մի մարդու առաջ։ Այսքանը միայն կասեմ, որ նա նշանավոր ընտանիքից է և եկած է եղել Կովկաս ճանապարհորդելու համար:

— Ա՜, դուք իմ խոսքերն եք կրկնում. ուրեմն ձեզ ուղեկցել է Մարիա Իվա՞նովնան։

— Որ չէր կամենում Թիֆլիսի ժողովարանում ծանոթանալ ոչ ոքի հետ։

— Ձեր ծաղրը թունավոր է, Պյոտր Ալեքսեիչ։

— Եվ խնդրում էր, որ դուք չընդունեք ոչ ոքից ծանոթանալու առաջարկություն:

— Բավական է, խնդրում եմ։

— Ես վերջացրի։

Փաստաբանը մնաց լուռ։ Երբ շվարման վայրկյաններն անցան, հարցրեց.