Էջ:Muratsan, vol. 6.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՊԱՔ.— Քո աչքերը, բարեկամ, շատ վատ են ծառայում քեզ։

ՍՄԲԱՏ.— Ես կխլեմ նրանց, եթե կհաստատես թե՝ դո՛ւ չես այս բանում Համտունին դրդողը։
ՊԱՊԱՔ.— Ուրեմն խլիր, որովհետև Համտունին դրդողը ոչ թե Պապաքն է, այլ տոհմական օրենքը և յուր պատվասիրությունը: Ամենքին հայտնի է, որ իբրև Սյունյաց իշխանի, նրան կպատկանի Բագրատունյաց տոհմի աղջկա հետ ամուսնանալու առաջին իրավունքը։ Եվ ահա նա եկել է այդ իրավունքին տիրանալու։
ՍՄԲԱՏ.— Եթե այդպես է, դու մի՛ խառնվիր գործին, իսկ ես կհամոզեմ Համտունին' զոհել այդ իրավունքը հասարակաց խաղաղության։
ՊԱՊԱՔ.— Համոզի՛ր, եթե կարող ես։ Ես ուրախ կլինիմ, եթե նման կասկածներ հեռու լինին ինձնից։ (Նայելով լուսամուտին) ի դեպ, ահա՛ իշխանը գալիս է այստեղ, փորձի՛ր խոսել հետը, աշխատիր՝ ազդել վրան, ես առ ժամանակ միայնակ կթողնեմ ձեզ, որպեսզի հարկ եղածը բացատրեք նրան ազատորեն։ Հետո կվերադառնամ, որ տեսնեմ՝ ինչ եք շահել: (Աոանձին): Թող խոսե ինչ կամենում է։ Ես Համտունի սրտում այնպիսի թույն եմ կաթեցրել՝ որ սրա դեղթափը չի ազատիլ նրան։ Թող սա այստեղ խոսե, իսկ ես կաշխատեմ գործը կարգավորելու։


(Դուրս է գնում)




ՏԵՍԻԼ Է
Սմբատ (միայնակ)


Շահը, անձնական շահը... Ամենքի աչքերն էլ դրանով են կուրացած։ Ով է մտածում ժողովրդի համար. ում հոգն է թե՝ թշնամին նստած է երկրի սրտում, թե նրա հրոսակները ավերում են հայ գյուղերը: Վայ մեզ, սրանք են, ուրեմն, մեր երկրի պետերը, Ժողովրդի պաշտպանները... փոխանակ միանալու և թշնամուն դիմադրելու՝ օրն ի բուն իրար ոտքի տակն են փորում։