Էջ:Muratsan, vol. 6.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այս մտածությունները ոգևորում էին երիտասարդ իրավաբանին, այն երկար ճանապարհին, որ հյուսիսից տանում էր նրան հարավ։ Այդտեղ նա շարունակ ծրագիրներ էր կազմում յուր ապագա գործունեության համար և նրանցով հիանում։ Այդ ծրագիրների մեջ մտնում էին նախ գյուղական հասարակության իրավունքների պաշտպանությունը, որ արդեն վերաբերում էր յուր մասնագիտության և ամփոփում յուր մեջ գյուղացու կալվածները հափշտակությունից ազատելու, հարկահանության ժամանակ տեղի ունեցող անարդարություններն արգելելու, գյուղացուց հաճախ անտեղի կերպով պահանջվող կոռն ու ձրի մշակությունը մերժել տալու և պաշտոնի մեջ, ի վնաս գյուղացու զեղծումներ կատարող և արդարադատության աչքից խուսափող պաշտոնյաների արարքը մերկացնելու կարևոր խնդիրները. երկրորդ լուսավորության գործի հիմնադրությունը, որ կայանում էր կանոնավոր դպրոցներ հաստատելու, գեղջուկ մանուկներին ձրի ուսում մատակարարելու, մանկական-ժողովրդական գրադարան հիմնելու և հասակավոր գյուղացիներին ազատ ժամերում և, մանավանդ, ձմեռ ժամանակ օդաներում, կամ եկեղեցիներում դասեր խոսելու և աշխարհի չար ու բարիի հետ նրանց ծանոթացնելու մեջ. երրորդ գյուղացու տնտեսական դրության բարվոքումն, որ կախումն ուներ նրա երկրագործական, այգեպանական, անասնապահական, հավաբուծական և այլ այսպիսի աշխատությունները կանոնավորելուց, իսկ նպատակին հասնելու համար պետք է սովորեցնել գեղջուկին գիտության մշակած ձևերով տնկելու և պատվաստելու, հերկելու և ցանելու, հնձելու և կալսելու, անասուն, հավ և մեղու դարմանելու, պարտեզ ու բանջարանոց մշակելու դյուրին եղանակները։ Տնտեսական դրությունը բարվոքելուն էր վերաբերում նաև փոխատու գանձարան հիմնելու դիտավորությունը, որ եթե հաջողեր նրան իրագործել, դրանով ոչ միայն վաշխառությունը կհալածվեր գյուղերից, այլն կստեղծվեր բարության մի գործ, որ կօգներ գյուղացուն յուր աշխատությունն ու արդյունքը ոչ թե կեղեքիչների ձեռքը, այլ յուր հարկի տակ ժողովելու: